«ԶՈՒԳԱՐԱՆԱՍԵՐ» ՆԱԽԱՐԱՐԸ ՄԻՇՏ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, հունիսի 14-ին «Տրոյկա Դիալոգ» ընկերության կազմակերպած փարթիից հետո հասարակության լայն շերտերում առաջացած դժգոհությունների առիթով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ որոշվել է խիստ նկատողություն հայտնել Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին: Իսկ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Վարդան Գրիգորյանն ազատվել է աշխատանքից: Այս պաշտոնյան փարթիի կազմակերպման վերաբերյալ հարցին ԶԼՄ-ներին պատասխանել էր, որ միջոցառումն անցկացնելու դիմաց արգելոց-թանգարանի կենտրոնական 4 սանհանգույցներն են վերանորոգել: Սա նշանակում է, որ Մշակույթի նախարարության գերնպատակը զուգարան սարքելն է՝ թեկուզ սրբապղծության գնով: Հիշո՞ւմ եք՝ մի ժամանակ էլ նախկին վարչապետն էր գերթանկարժեք բիոզուգարաններով զարգացնում զբոսաշրջությունը Հայաստանում: Սակայն Հայաստանում զարգացման տեմպերը դանդաղում են, քանի որ վարչապետը եւ իշխանության վերին օղակները փոխանակ «ձուկը գլխից» բռնեն, պոչին են դիպչում միայն:
Ի՞նչ է ստացվում. գործարար Ռուբեն Հայրապետյանը զանգահարել է Հասմիկ Պողոսյանին, արգելոց թանգարանը վարձակալելու եւ «քեֆ անելու» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել, սակայն քեֆից հետո աշխատանքից ազատվել է ՊՈԱԿ-ի մի մասնաճյուղի տնօրեն: Մինչդեռ մշակութային գործիչների բնորոշմամբ՝ «մշակույթի պատուհաս» Հասմիկ Պողոսյանին ազատելու փոխարեն, մասնաճյուղի մի խեղճ ու կրակ տնօրեն ազատվեց:

 

Այսօր, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում, Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, կառավարությունը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունն անցկացնում են փակ հավաք: Այս հանդիպումն իր ֆորմատի մեջ աննախադեպ է, քանի որ հանրապետության նախագահը կուսակցապաշտոնեական այսպիսի հավաք միայն Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ գրասենյակում է անցկացրել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած հավաքի գլխավոր նպատակը ՀՀԿ-ի ներսում տիրող խուճապային, անկումային տրամադրությունների ցրումն է, եւ հավաստիացումը, որ ինքը վերահսկում է երկրում ընթացող բոլոր գործընթացները, եւ ՀՀԿ-ականներն ամենեւին կարիք չունեն տարբեր անկյուններում իրենց նոր հովանավորներ փնտրել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հրահանգելու է բոլորին, որպեսզի կառավարությունը եւ ԱԺ-ն աշխատեն հաշտ ու համերաշխ, առանց ներկուսակցական ինտրիգների աշխատեն: Վերջում նախատեսվում է աննախադեպ ճոխ ֆուրշետ:

 

ԼՂ վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտոնավարման երկարակեցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը կարողանում է իր առջեւ դրված խնդիրները գերազանց կատարել: «Ինստիտուտում երբ են ուսանողին հեռացնում. երբ որ քննությունը չի տալիս, չէ՞, վարչապետի առաջին քննությունը եւ հիմնական գնահատականը դա տնտեսական աճն է, որը կատարում ենք փայլուն, գերազանց: Շատ բարձր աճի տեմպեր ենք ապահովվել»,- ինքնագոհ հայտարարեց Արցախի վարչապետը: Մեր հարցին, թե ինչպե՞ս է ձեզ հաջողվել Արցախի գրեթե բոլոր բիզնես ոլորտներում մասնաբաժին ունենալ, պրն Հարությունյանը պատասխանեց. «Ես մինչեւ ԼՂՀ վարչապետ լինելը, եղել եմ Արցախի ամենախոշոր բիզնեսմենը, հիմա դրանով չեմ զբաղվում: Ես համարվում եմ Ղարաբաղի ամենախոշոր հողագործը, ավելի ճիշտ՝ ոչ թե ես, այլ իմ ընկերությունները: Ես ոչ մի տեղ մենակ չեմ, այլ համասեփականատեր եմ, ես միշտ ընկերովի գործի կողմնակից եմ»:

 

Աշտարակ քաղաքի բնակիչները պատրաստվում են մոտակա օրերին փակել Աշտարակ- Երեւան ավտոճանապարհը: Պատճառը քաղաքում իրենց «բեսպրեդել» համարողների գործողություններին վերջ տալն է, ովքեր փորձում են ամեն գնով հասնել ապօրինի գազալցակայանի կառուցման որոշման հաստատմանը Աշտարակի ավագանու կողմից: Ըստ շրջանառվող լուրերի՝ գազալցակայանի շինարարության մեջ շահագրգռվածություն ունի Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանը: Եվ Աշտարակի ավագանին դիմադրում է: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ եղբայր Նաիրի Սահակյանը ահաբեկել են Աշտարակի ավագանու անդամ Մուշեղ Թաշչյանին, ով Աշտարակ քաղաքում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եւ կարատեի խմբակ ունի: Նրանք ստիպել են լուծարել խմբակը: Պարզաբանման համար զրուցեցինք Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, ով ասաց. «Բոլորն էլ պետք է օրենքի շրջանակներում գործեն: Պայմանագիր, լիցենզիա պետք է ունենան: Եթե դրանք չունեն, չեն գործի»:

 




Լրահոս