ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ «ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ» ԳԵՐԱԶԱՆՑ Է ՀԱՆՁՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ մինչ վարչապետի պաշտոնը ստանձնելը եղել է ԼՂՀ ամենամեծ գործարարը, սակայն ներկայում բիզնեսով չի զբաղվում: Ավելին` նա հավաստիացրեց, որ վարչապետ դառնալուց հետո իր բիզնեսները ոչ միայն չեն ավելացել, այլեւ նվազել են:

-Պարոն Հարությունյան, արդեն հայտնի է, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը` ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, ասել է թե` առանց ԼՂՀ-ի: Դա ինչպե՞ս կանդրադառնա ԼՂՀ տնտեսության վրա:
-Թեեւ ԼՂՀ-ն ՄՄ-ին չի անդամակցելու, քանի որ չի էլ դիմել դրա համար, սակայն դա չի նշանակում, որ Արցախում արտադրվելիք ապրանքները Մաքսային միության տարածք չեն մտնելու: Այնպես որ` Արցախի տնտեսությունն իր վրա Մաքսային միություն չմտնելու հավանական բացասական ազդեցությունը փաստացի չի զգա: Փոխարենը տնտեսական մեծ հնարավորություններ են բացվելու Արցախի արտադրողների համար:
-Հայաստանում «Կուտակային կենսաթոշակային համակարգի» մասին օրենքը կրկին լրամշակվել ու բերվել է խորհրդարան: ԼՂՀ-ում կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումն ի՞նչ փուլում է գտնվում:
-Նախ՝ պետք է նշել, որ ԼՂՀ-ի սոցիալ-տնտեսական համակարգը ինտեգրված է ՀՀ համակարգին, եւ ֆունդամենտալ փոփոխությունները երկու հանրապետություններում պետք է իրար զուգահեռ արվեն: Հետեւաբար, մենք էլ նախաձեռնեցինք կուտակային կենսաթոշակային բարեփոխումները, սակայն որոշակի ժամկետային տարբերությամբ: Նախնականորեն պլանավորել էինք բարեփոխումները սկսել 2015թ. հունվարից: Սակայն ՀՀ-ում տվյալ համակարգի վերաբերյալ տեղի ունեցած զարգացումներից հետո փոփոխություններ են ակնկալվում նաեւ Արցախում: Փոփոխություները կարող են լինել թե՛ որակական, թե՛ ժամկետային: Իսկ առ այսօր օրենսդրական եւ տեղեկատվական որոշակի քայլեր են կատարվել այդ բարեփոխումների նախապատրաստման նպատակով:
-Արցախցիների կարծիքով` ԼՂՀ-ում եւս արտագաղթը մտահոգիչ չափերի է հասել, գրեթե այնպես, ինչպես Հայաստանում: Որպես ԼՂՀ կառավարության ղեկավար՝ ի՞նչ եք անում դա կանխելու համար:
-Չի կարելի դա անվանել արտագաղթ, կան միգրացիոն շարժեր: Եթե 10 ընտանիք գնում է, դա համարենք արտագաղթ, ուրեմն` այո, կա: Ունենք բնական եւ մեխանիկական աճ՝ կան հստակ թվեր: Հունվար-մայիս ամիսներին մեկնողները եղել են 201, եկողները` 403 հոգի, սա մեր վիճակագրական տվյալներն են: Կա նաեւ արտագնա աշխատանքի մեկնող` թվով 800-1000 մարդ: Ղարաբաղում էլ ունենք 2 հազարից ավելի ներգրավված աշխատողներ՝ հիմնականում շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտում: Ամեն դեպքում` մեզ մտագոհում է այդ ամենը, ինչի համար աշխատանքներ են տարվում:
-Տեղեկություններ են շրջանառվում, որ հայտնի գործարար, բարեգործ Լեւոն Հայրապետյանի եւ Ձեր փոխհարաբերությունները լարվել են: Կա՞ իրականում նման բան:
-Մեր փոխհարաբերությունները շատ լավ են, ու Լ. Հայրապետյանը շատ հաճախ է լինում Արցախում՝ տարին մի քանի անգամ: Նա Արցախում կառուցել է դպրոց, մանկապարտեզ, հյուրանոց, ասֆալտապատումներ է իրականացրել, բնակչության համար շուկա է կառուցել, ռազմական դպրոցի շինարարությունն է շարունակվում ու բազմաթիվ նախագծեր կան, որոնք իրականացնում է:
-Պարոն Հարությունյան, Դուք շուրջ 8 տարի է, ինչ ԼՂՀ վարչապետն եք, ո՞րն է Ձեր պաշտոնական երկարակեցության գաղտնիքը: Արցախցիների կարծիքով` Դուք այս տարիներին կարողացել եք բոլոր ոլորտներում Ձեր «փայն» ունենալ, ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել:
-Վարչապետի ֆունկցիան ո՞րն է. նախագահի նախընտրական ծրագիրը, որը հետագայում դառնում է կառավարության գործունեության ծրագիր` կյանքի կոչելը: Մենք խոստացել ենք տնտեսական աճ, որը փայլուն կատարում ենք: Ինստիտուտում ե՞րբ են ուսանողին հեռացնում. երբ որ քննությունը չի տալիս, չէ՞: Վարչապետի առաջին քննությունը եւ հիմնական գնահատականը դա տնտեսական աճն է, որը կատարում ենք փայլուն, գերազանց: Շատ բարձր աճի տեմպեր ենք ապահովել, որով մենք հպարտանում ենք:
-Իսկ ինչպե՞ս եք հասցնում զբաղվել նաեւ Ձեր բիզնեսներով, որոնք, ըստ արցախցիների, շատ են:
-Ես մինչեւ ԼՂՀ վարչապետ նշանակվելը, եղել եմ Արցախի ամենախոշոր բիզնեսմենը, բայց հիմա դրանով չեմ զբաղվում: Ես ունեմ փայատիրություն, ունենք որոշ ձեւավորված կառույցներ, որոնք աշխատում են: Ես համարվում եմ Ղարաբաղի ամենախոշոր հողագործը, ոչ թե ես` այլ իմ ընկերությունները: Ես ոչ մի տեղ մենակ չեմ՝ համասեփականատեր եմ, ես միշտ ընկերովի գործի կողմնակից եմ: Ստեփանակերտի «Կոնյակի գործարան»` ամենախոշոր հարկատուներից մեկը, որտեղ 30 տոկոս փայատեր եմ: Ունեմ «ՀԱՑ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է հողագործությամբ, ահագին հողեր ենք մշակում եւ հիմնականում սահմանամերձ հողեր: «Երեւան» հյուրանոցի 3-րդ հարկում 20 հատ սենյակ կա, որտեղ ես 30 տոկոս փայատեր եմ: Ես մինչեւ 2007 թվականը եղել եմ ամենախոշոր գործատուն, ամենախոշոր հարկատուներից մեկը: Սակայն նշեմ, որ վարչապետ նշանակվելուց հետո իմ բիզնեսների թիվը նվազել է, չի աճել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս