ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է
Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը բավականաչափ կարեւոր է։ Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, այս մասին նախօրեին Երեւանում լրագրողներին հայտնել է Ռուսական երկաթուղիների նախագահ Վլադիմիր Յակունինը։ «Այդ տեսանկյունից այս հարցը բավականին արդիական է, այդ թվում` հանրապետության նախագահի կարծիքով: Ամենայն հավանականությամբ, մենք հիմա պետք է կենտրոնանանք դեպի Հայաստան Աբխազիայի եւ Վրաստանի տարածքով շարժում բացելու հարցին»,-ասել է Յակունինը:
ԳԱԶԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
Համաձայն 168.am-ի՝ վերջինիս տրամադրության տակ է հայտնվել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախնական եզրակացությունը: Այս փաստաթղթում նշված է, որ ձեւավորվել է չորս ենթախումբ, որոնցից յուրաքանչյուրն ուսումնասիրել է առանձին խումբ խնդիրներ: Հանձնաժողովի կազմած նախնական եզրակացության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանձնաժողովն առանձնապես մեծ բացահայտումներ չի կատարել, չնայած կան որոշ դրույթներ, որոնք ցույց են տալիս, որ այս ոլորտում ամեն ինչ չէ, որ կատարվել է օրինականության շրջանակներում: Հանձնաժողովը վիճելի է համարում, թե ինչու պետք է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2011-2013թթ. ձեւավորված 129,5 միլիարդ դրամի պարտքը ձեւակերպվեր որպես պետական պարտք, որի դիմաց ՀՀ կառավարությունը հանձնեց «ՀայՌուսգազարդ»-ում իր ունեցած 20 տոկոսանոց բաժնեմասը: Հանձնաժողովը նշում է, որ այս բացահայտումներն ամբողջական չեն, եւ մինչեւ տարեվերջ ժամանակ է խնդրում մնացած ուղղություններով եւս ուսումնասիրություններ իրականացնելու եւ վերջնական եզրակացություն ներկայացնելու համար:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ՉՍՏԱՑԱՆ
Արդեն քանի օր է՝ գործում է Լենինգրադյան-Իսակով նոր մայրուղին: Մայրուղու շինարարության մեկնարկը տրվել էր 2012թ. հուլիսին, ավարտվել է 2014թ. մայիսի 31-ին: Ավտոմայրուղու կառուցապատումն ու շինարարությունն իրականացրել է «Սահակյանշին» ՓԲԸ-ն, շինարարության նախահաշվային ընդհանուր արժեքը 7896,0 մլն դրամ է: Ճանապարհը շատ լավ է եւ արդեն իսկ լիարժեք գործարկվում է, սակայն խնդիրը նրանում է, որ շինարարական կազմակերպությունը շինարարներին դեռեւս չի վճարել ավելի քան 5 ամիսների աշխատավարձը: Ըստ 168.am-ի՝ կառուցապատման ողջ ընթացքում շինարարները աշխատավարձերը ստանում էին ուշացումներով: