Սինթետիկ նյութերից պատրաստված ներքնազգեստներից հետո, հիմա էլ ռուսաստանցի պատգամավորներն անցել են բարձրակրունկ կոշիկներին: Մաքսային միության անդամ երկրներում հնարավոր է կանանց արգելվի բարձրակրունկ կոշիկ կրելը: Բանն այն է, որ «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Օլեգ Միխեեւը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ առաջարկելով Մաքսային միության շրջանակներում արգելել տափակակրունկ եւ բարձրակրունկ կոշիկները: Այս նորությունը լսելուց հետո մեր հայ «գլամուր» աղջիկները հայտնվել են խուճապի մեջ: Իսկ ահա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հորդորեց ուշադրություն դարձնել առավել կարեւոր խնդիրների վրա:
Պետդումայի պատգամավորը վստահեցնում է, որ սպորտային կեդերը, մոկասիները եւ բարձրակրունկ կոշիկները խիստ վտանգ են ներկայացնում քաղաքացիների առողջության համար, քանի որ փոփոխում են ոտնաթաթի կառուցվածքը:
Նրա համոզմամբ՝ անհարմար կոշիկներից տառապել են հիմնականում կանայք, որի պատճառը բարձրակրունկ կոշիկներն են: Դրանց կրելն առաջացնում է հարթաթաթություն եւ այլ խնդիրներ՝ կապված առողջության հետ: Պատգամավորի պնդմամբ՝ փաստորեն բացի կանանցից տղամարդկանց կոշիկի տեսականու մեջ էլ պետք է փոփոխություն իրականացվի: Նորաձեւ կեդերը, լոուֆերները, մոկասիները նույնպես վտանգավոր են առողջության համար: Այս կոշիկները կրելու դեպքում տղամարդիկ կարող են ունենալ հարթաթաթության, մկանների դեֆորմացիայի, ոտքերի վարիկոզի հետ կապված խնդիրներ:
Ռուսաստանցի պատգամավորի՝ կոշիկի մասին իր տեսությունները մեր հայ աղջիկների մոտ խուճապ է առաջացրել, ինչպես որոշ ժամանակ առաջ, երբ լուրեր պտտվեցին այն մասին, որ Մաքսային միության անդամ երկրներում պետք է արգելվի սինթետիկ նյութեր պարունակող ներքնազգեստները:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց կին պատգամավոր Կարինե Աճեմյանից հետաքրքրվել՝ ինչ է մտածում իր ռուսաստանցի կոլեգայի առաջարկի մասին. «Ենթադրենք՝ Պետդումայից մեկը մի բան առաջարկել է, մենք դա՞ էլ պետք է քննարկենք: Չեմ կարծում, որ ինչքան պետք է ուշադիր լինենք աշխարհի բոլոր պառլամենտներում բոլոր առաջարկներին: Պետք է կենտրոնանանք մեր ավելի լուրջ խնդիրների վրա: Ես առանց բարձրակրունկ կոշիկի շատ սիրում եմ քայլել, բայց դա ինձ թույլ եմ տալիս միայն ամառանոցում՝ հանգստանալիս, այսինքն՝ այն վայրերում, որտեղ դա ընդունված է: Ես ինքս ինձ պատկերացնում եմ առանց բարձրակրունկ կոշիկի: Բայց յուրաքանչյուր մարդ իր աշխատավայրում պետք է ներկայանա իր սեփական ճաշակով եւ զգացողություններով առաջնորդվելով՝ զուսպ եւ կոկիկ»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ