«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցեցին, որ փետրվարի 12-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների «ռազբորկաները» դեռեւս շարունակվում են` այս անգամ Արամ Դանիելյանի «աշխատասենյակում»: Դանիելյանը դեռեւս հաշիվ է «մաքրում» կոնկրետ այն մարդկանց հետ, որոնց կլորիկ գումար է տվել` ներկայացված ընտրողների կոնկրետ ցուցակի հիման վրա:
Բավականին տհաճ իրավիճակում է հայտնվել նաեւ Դանիելյանի գլխավոր խորհրդական Հրաչ Հուսիկյանը, որն ընտրությունների ժամանակ 25/11 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ էր: Դանիելյանը, տեսնելով, որ այդ ընտրատեղամասում քիչ ձայն է հավաքել, որոշել է Հուսիկյանին հեռացնել աշխատանքից: Վերջինս գրեթե ամեն օր քաղաքապետի աշխատասենյակում բացատրություններ է տալիս «շեֆին», թե ինչու է իր ղեկավարած ընտրատեղամասից քիչ ձայներ «բերել»: Նշենք, որ նշված տեղամասում Դանիելյանն ընդամենը 34 ձայնով էր առավել: Եւ երբ ամեն անգամ քվեատուփից դուրս էր գալիս Սասուն Միքայելյանի օգտին քվեարկած քվեաթերթիկը, Հուսիկյանը վախից մաքրում էր ճակատի քրտինքը: Ինչեւիցե, փորձեցինք տեղեկությունը ճշտել Հուսիկյանից, վերջինս շատ անտրամադիր էր եւ հազիվ էր պատասխանում մեր հարցերին. «Չէ՛, տենց բան չի եղել, հերյուրանք ա, չէ՛, այ ցավդ տանեմ, ո՞նց կհեռացնեն աշխատանքից, մենք հաղթել ենք, ինչի՞ պիտի ինձ հեռացնեին աշխատանքից, մենք մոռացել ենք… մենք պատրաստվում ենք հաջորդ ընտրություններին, մենք հաշվի չենք առնում էդ ձեւի խոսակցությունները»:
ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՀԱՇԻՎ Է «ՄԱՔՐՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ