ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ «ԿԱՏՈԿՈՂՆԵՐԻ» ԳԼԽԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանների գործողություններն այլ կերպ, քան հանցագործություն սեփական քաղաքացիների դեմ, դժվար է որակել: Չնայած Հանրային ծառայությունները կարգավորող հանծնաժողովի գրասենյակի մոտ քաղաքացիների ակցիան խաղաղ բնույթ է կրել, սակայն ոստիկանները մարդկանց քաշքշելով, ծեծելով բերման են ենթարկել. ինչպես հրահանգել է ոստիկաններից մեկը՝ «կատոկելով բոլորին տարեք»: Ոստիկանները երկու հոգու անգամ ծեծի են ենթարկել՝ հասցնելով մարմնական ծանր վնասվածքներ, որոնց ավելի ուշ տեղափոխել են հիվանդանոց: Բերման ենթարկելու ողջ օպերացիայի վայրագությունը տեսնելով, հարեւան շենքերի բնակիչներն անգամ վերեւից ջուր են լցրել՝ փորձելով սթափեցնել, ուշքի բերել ոստիկաններին, սակայն՝ ապարդյուն: Ոստիկանները երեկ բերման են ենթարկել 27 քաղաքացու, որոնց երեկոյան արդեն ազատ էին արձակել: Նկատենք, որ երեկ հավաքված քաղաքացիները պայքարում էին մի հարցի համար, որը վերաբերում է ՀՀ բոլոր բնակիչներին անխտիր, այդ թվում՝ բռնություն գործադրող ոստիկաններին ու նրանց ընտանիքներին եւս: Համենայնդեպս, երբ վաղը թանկանա էլեկտրաէներգիայի սակագինը, այն հարվածելու է բոլորի գրպաններին:

 

 

Երեկվանից մեկնարկած եւ այսօր շարունակվող ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կրքերը հնարավոր է թեժանան: Բանն այն է, որ այսօրվա նիստին ԵԽԽՎ-ում ելույթ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որից հետո պատվիրակները հնարավորություն են ունենալու նրան հարցեր տալ: Սպասվում է, որ հայկական պատվիրակությունն իր հարցերով տհաճ անակնկալներ կմատուցի նրան: Նշենք, որ երեկ էլ ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Իսկ մինչ այդ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է բանաձեւի նախագիծ մտցնել՝ պատճառաբանելով, թե իբր ադրբեջանական տարածքներն օկուպացված են հայկական ուժերի կողմից, առաջարկելով՝ հայկական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից: Սակայն այս նախաձեռնությունը տապալվել է, փոխարենը 37 կողմ, 32 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին բանաձեւի նախագիծը:

 

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը գտնվում է սարսափելի աղետալի վիճակում: Ստեղծված իրավիճակը չի կարող թաքցնել անգամ պաշտոնական վիճակագրությունը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտաքին առեւտրաշրջանառության ծավալներն աճել են 2.3 տոկոսով. 3.2 տոկոս աճել են արտահանման, 2 տոկոս` ներկրման ծավալները: Արտաքուստ` նախորդ տարվա համեմատ, իհարկե, աճ կա: Բայց երբ այս ամենը համեմատում ես 2013թ. հետ, ապա վերջին ամիսներին ուղղակի անկում է ապրել. այսպես՝ մայիսին, նախորդ ամսվա համեմատ, արտաքին առեւտաշրջանառության ծավալների անկումը կազմել է 5 տոկոս, որից 4.3 տոկոսով նվազել են արտահանման, 5.2 տոկոսով` ներկրման ծավալները: Նկատենք, որ անկումը գրանցվել է հատկապես այն ամիսներին, երբ, ընդհակառակը, պետք է արտահանման մեծ աճ լիներ: Սակայն Հայաստանում ամեն ինչն է շեղվել ընդհանուր օրինաչափությունից:

 

«Ժառանգություն» կուսակցությունը հունիսի 28-ին համագումար է հրավիրել։ Ու թեեւ այդ կուսակցության ներկայացուցիչները համագումարին ընդառաջ բազմաթիվ հարցեր ունեն` ուղղված իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, կան նաեւ որոշ տարակարծություններ` շատ հարցերում, այնուամենայնիվ, նա հաճախ չի լինում կուսակցությունում, որպեսզի հարցեր տրվեն: «Ժառանգության» շատ ներկայացուցիչներ սպասում են, որ հենց համագումարի օրը իրենց հուզող հարցերը տան Ր. Հովհաննիսյանին: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Այս ընթացքում կան կուսակցության ուղեգծի վերաբերյալ քննարկում, տարբեր դիրքորոշումներ: Ու հենց կուսակցության համագումարն էլ կպատասխանի այդ հարցերին, թե ո՞ւր շարժվել, ի՞նչ անել եւ ո՞րն է այդ գիծը»: Հավելենք, որ մինչ կուսակցականները կոնկրետ հարցերի պատասխանի են սպասում Ր. Հ.ովհաննիսյանից, «Ժողովուրդ»-ի թղթակիցը հանգստյան օրերին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին հանցիպեց Սեւանա լճի ափամերձ ռեստորանային համալիրներից մեկում` ընտանիքի անդամների հետ միասին:




Լրահոս