ԲՆԱԿԱՐԱՆԱՏԵՐԵՐՆ՝ ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ 56 տարեկան հասակում սրտի կաթվածից հանկարծամահ եղավ «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր Աշոտ Տոնոյանը՝ «Տոնուսի Աշոտը», ում պատկանող շինընկերության գործունեության պատճառով ավելի քան 160 ընտանիք արդեն 8 տարի է, ինչ պայքարում է իրենց բնակարանների համար:

Նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանի մահը լսելուց հետո տուժած քաղաքացիները հայտնվել են անորոշ դրության մեջ: Նրանցից շատերի խոսքով՝ Աստված այդպես էլ չներեց Տոնոյանին: Ամեն դեպքում, այսօր բնակիչները մտահոգված են, քանի որ Տոնոյանի ղեկավարած ընկերության պատճառով իրենք հայտնվել են փողոցում: Հիշեցնենք, որ նախորդ տարի հունիսի 14-ին «Տոնուս» ՍՊԸ-ն սնանկ ճանաչվեց: Շինարարական ընկերության՝ կամավոր սնանկության պահանջի մասին գործով դատարանին ներկայացված դիմումում նշված պարտավորության չափը կազմել էր 6 մլրդ 460 մլն 474 հազ. 792 դրամ (մոտ 15 մլն 757 հազ. դոլար): Թեեւ «Տոնուս» շինարարական ընկերությունը տեւական ժամանակ է, ինչ սնանկ է ճանաչվել, միեւնույն է՝ քաղաքացիների հարցը դեռ շարունակում է օդից կախված մնալ:
Ի դեպ, «Արցախբանկ»-ի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլեր» եւ «Ավի» ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը, ով վերջերս է ԱՄՆ-ից ժամանել, բնակիչների հետ կայացած հանդիպմանը խոստացել էր, որ այս հարցին լուծում կտրվի: Օրեր անց «Ժողովուրդ»-ը տուժած քաղաքացիներից տեղեկացավ, որ բանկի բաժնետերերը մտադիր են շենքը հանել գրավադրումից: Սակայն առայժմ «սայլը կարծես թե տեղից չի շարժվում»: Տուժած բնակիչները մտահոգված են, քանի որ «Արցախբանկ»-ի բաժնետեր Հրաչ Կապրիելյանը մեկնելու է Երեւանից եւ իրենք նորից հայտնվելու են անորոշ դրության մեջ: Ընկերության կողմից տուժած ավելի քան 160 բնակարանատերեր արդեն հույսները կտրել են, որ երբեւէ կստանան իրենց բնակարանները կամ էլ՝ գումարները: «Ժողովուրդ»-ը տուժած բնակիչներից տեղեկացավ, որ առայժմ «Արցախբանկ»-ը իրենցից պահանջում է հայտեր ներկայացնել: Քաղաքացիները կարող են ընտրություն անել՝ կամ բնակարանը, կամ գումարը: Նրանց մեծ մասն արդեն համաձայնվել է բնակարանները վերցնել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս