ՇԱՌԻՑ-ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ
Նախորդ շաբաթ կառավարության նախաձեռնությամբ անցկացված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ օրվա ընթացքում երկու նամակ էր ուղարկել խորհրդարան՝ օրակարգից հանելով ներկայացված մի շարք օրինագծեր: Թեեւ վարչապետն իր նամակում չէր մեկնաբանել իր որոշումը, սակայն «Ժողովուրդ»-ի՝ ՀՀԿ-ական աղբյուրները փոխանցեցին, որ կառավարությունը ստիպված է եղել գնալ այդ քայլին: Բանն այն է, որ ՀՀԿ-ն կանգնած է եղել քվորում ապահովելու խնդրի առաջ. մի կողմից՝ ՀՀԿ-ականներից շատերը դժգոհել են անընդհատ անցկացվող նիստերից, նույնիսկ մի քանիսն ընդդիմացել են, որ նախօրոք ծրագրած գործեր ունեն արտասահմանում: Մյուս կողմից՝ այս շաբաթ շատ են կարեւոր գործուղումների մեկնողները: Միայն ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում 3 ՀՀԿ-ական Ստրասբուրգ է մեկնել: Ասել է թե՝ ոչ իշխանական խմբակցությունների համար ԱԺ նիստերը տապալելը ընդամենը տեխնիկայի խնդիր է եղել, ու որպեսզի ՀՀԿ-ն ԱԺ-ում ավելորդ լարվածություն չմտցնի եւ իր թուլությունը ցույց չտա, որոշել է՝ ուղղակի արտահերթ չանել:
ԿԱՍԿԱԾԵԼԻ ՈՒՆԵՑՎԱԾՔ
ԲՀԿ խմբակցության նորընտիր պատգամավոր Տիգրան Ներսիսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից ուշագրավ պատկեր է ստացվում. 36-ամյա պատգամավորը գերադասում է ոչ թե կանխիկ գումար, այլ՝ շարժական ու անշարժ գույք ունենալ: Նա թեեւ իր հաշվին որեւէ գումար չի հայտարարագրել, բայց նշել է, որ ունի բնակարան, 3 հողամաս: Նա հայտարարագրել է նաեւ երկու բեռնատար մեքենա՝ «Գազ 52» եւ «Ֆորդ տրանզիտ» մակնիշների, ինչպես նաեւ երեք մարդատար մեքենա՝ «Շեվրոլե նիվա», «Տոյոտա լենդ քրաուզեր» եւ «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո»: Հետաքրքիրն այն է, որ այս ամենը երիտասարդ պատգամավորը ձեռք է բերել 567 հազար դրամ աշխատավարձով:
ԸՆԴՄԻՇՏ ԱԽՔ
Չնայած ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը մոտ երկու ամիս առաջ հրաժարական էր ներկայացրել ԱԽՔ-ի պաշտոնից, սակայն այդպես էլ չի կարողանում կտրվել իր նախկին կոլեգաներից: Ավելին՝ նա ակտիվորեն մասնակցում է միջազգային տարբեր միջոցառումների, օրինակ՝ հունիսի 18-20-ը եղել է Կազանում՝ մասնակցելու անվտանգության հարցերին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին: Իսկ հրավիրողը, ոչ ավել, ոչ պակաս, ՌԴ ԱԽՔ Նիկոլայ Պատրուշեւն է: «Ժողովուրդ»-ը երեկ ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանից հետաքրքրվեց՝ որպես ո՞վ է Բաղդասարյանը մեկնել Կազան: Ըստ խոսնակի՝ ՕԵԿ նախագահը միաժամանակ հանդիսանում է նաեւ ՀԱՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահ, այդ պատճառով էլ հրավիրված է եղել այդ համաժողովին: