ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը նշանակվեց Վրաստանում ՀՀ դեսպան: Երեկ Սերժ Սարգսյանը ստորագրել է այդ մասին համապատասխան հրամանագիր: Այսպիսով, ի տարբերություն մյուս նախկին նախարարների, ովքեր նշանակվեցին նախագահի խորհրդական, Յուրի Վարդանյանը նշանակվեց դեսպան, որը համարվում է լավագույն նվեր անհայտ ծառայությունների դիմաց:
Այս նշանակումն, իհարկե, անակնկալ չէր. հատկապես այն բանից հետո, երբ նա չընդգրկվեց Հովիկ Աբրահամյանի կառավարության կազմում: «Ժողովուրդ»-ը դեռ մեկ ամիս առաջ էր գրել Վարդանյանին դեսպանի կարգավիճակով Վրաստան գործուղելու մասին: Միայն թե, այս նշանակումը, թերեւս, կարելի է համարել Սերժ Սարգսյանի ամենախայտառակ կադրային ընտրությունը: Դեսպանի պաշտոնը վստահում է մի անձնավորության, ով չկարողացավ իրեն արդարացնել անգամ մասնագիտական ոլորտում. չնայած նա լեգենդար մարզիկ է, աշխարհի ու օլիմպիական բազմակի չեմպիոն, սակայն սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում պարզապես ձախողվեց, ուր մնաց արտաքին քաղաքական եւ դիվանագիտական հարցերում կարողանա աշխատել: Իսկ նախարար եղած ժամանակ աշխատանքների ձախողման փաստը նկատել էր անգամ Սերժ Սարգսյանը, ով փետրվարին նախարարություն այցի ժամանակ հայտարարել էր. «Ես կարծում եմ, որ գիտեք՝ ձեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի Յուրի Վարդանյան լեգենդի օգտագործումը… Ես առաջարկել եմ, որ այս մարդը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան, որպես այդպիսին, նաեւ ի ցույց դնենք: Ձեզնից քանիսն են այս մարդու հետ գնացել մի դպրոց: Քանի անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի անգամ է դուրս եկել, գնացել մի բակ եւ ասել՝ երեխեք, պարապեք, պարապեք, որ ինձ նման դառնաք: Ո՞վ պետք է անի դա»,- ասել էր նա: Բայց այս հանձնարարականից հետո անգամ Յուրի Վարդանյանը մատը մատին չտվեց, փոխարենը՝ պաշտոնավարման հենց սկզբից պարբերաբար հայտնվում էր տարատեսակ սկանդալների մեջ:
Ու հիմա, այս ամենից հետո, Սերժ Սարգսյանը մասնագիտական ոլորտում ձախողված անձնավորությանը վստահում է մեկ այլ՝ շատ ավելի կարեւոր ոլորտ. դիվանագիտությունը: Ընդ որում, նա Յուրի Վարդանյանին գործուղում է ոչ թե ՀՀ-ի համար երրորդական նշանակության երկիր, այլ՝ հարեւան Վրաստան: Բավական է միայն նշել, որ Վրաստանը համարվում է ՀՀ միակ քրիստոնյա հարեւանը, ՌԴ-ի ու Եվրասիական տնտեսական միության երկրների հետ կապող միակ ցամաքային ճանապարհը, որն, ի դեպ, այնքան էլ բարիդրացիական հարաբերություններ չունի ՌԴ-ի հետ: Իսկ դա նշանակում է, որ Վրաստան՝ դեսպանի կարգավիճակով պետք է գործուղել այս ոլորտում մասնագիտական բարձր կարողություններ ունեցող անձնավորության:
Թեեւ, Ս.Սարգսյանի այս նշանակումը, մյուս կողմից, տեղավորվում է նրա կադրային քաղաքականության տրամաբանության մեջ. բանն այն է, որ նա դեսպանի պաշտոնը դարձրել է մարդկանց լավություն անելու եւ աշխատանքի տեղավորելու հեշտ միջոց: Արդյունքում՝ դիվանագիտական աշխատանքի են գործուղվում մարդիկ, ովքեր այդ ոլորտի հետ չունեն անգամ հեռավոր առնչություն, չեն պատկերացնում դեսպանի գործառույթները, դերն ու նշանակությունը: Այսպես. դեռ 2010թ. ռուսաստանաբնակ հայ գործարար Մուրադ Մուրադյանին նա նշանակեց Իրաքում ՀՀ դեսպան, իսկ կապի եւ տրանսպոտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանին՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան: 2012թ. Ս.Սարգսյանը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից Հովհաննես Մանուկյանին ազատելուց հետո ուղարկեց Վրաստան՝ կրկին դեսպանի կարգավիճակով: Իր փեսա Միքայել Մինասյանին նախորդ տարի նախագահական ընտրություններից հետո նշանակեց Վատիկանում ՀՀ դեսպան: Իսկ Ադրբեջանի Խանլար քաղաքում ծնված Ռաիսա Վարդանյանին Ս.Սարգսյանը նախորդ տարի գործուղեց Վիետնամ՝ կրկին դեսպանի կարգավիճակով, չնայած՝ նրա զբաղեցրած ամենաբարձր պաշտոնը եղել էր դեսպանի օգնական կամ ռեֆերենտ: Ս.Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ դեսպան նշանակվեց նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը՝ Մեծ Բրիտանիայում: ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվելուց հետո Գեղամ Ղարիբջանյանն անմիջապես դեսպանի կարգավիճակով գործուղվեց Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանին նա նշանակեց Գերմանիայում ՀՀ դեսպան, որպեսզի կարկառուն դաշնակցականին հեռացներ խորհրդարանից: Անգործ չթողնելու համար նա Ղազախստանում ՀՀ դեսպան էր նշանակել ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանին: Իհարկե, հանուն արդարության պետք է նշենք, որ Գ. Ղարիբջանյանը, Վ.Հովհաննիսյանն ու Ա.Սահակյանը չեն համեմատվի նախորդների հետ. նրանք բարձր են ինտելեկտով, նաեւ՝ ժամանակին զբաղեցրել են կարեւորագույն, այդ թվում՝ դիվանագիտական պաշտոններ: Սակայն, նրանց նշանակելու մոտիվացիան ինքնին արժեզրկում է քայլը:
Ի դեպ, անգործ չթողնելու համար Սերժ Սարգսյանը շուտով դեսպանի կարգավիճակով ԱՄՆ կգործուղի նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում մյուս եղբայրը՝ Արմեն Սարգսյանն էլ 2008թ.-ից Չինաստանում ՀՀ դեսպանն է: Ու այդքանից հետո, թերեւս, պետք չէ զարմանալ, թե ինչու է ՀՀ արտաքին քաղաքականությունը նման ողբերգական վիճակում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ