ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հանգամանքը նպաստելու է կառավարության՝ աղքատությունը տասը տոկոսով նվազեցնելու ծրագրին»:

Արտակ Դավթյան armlur.am

Հիրավի, պետք է արժանին մատուցել ՀՀԿ-ին, հասարակության կյանքում այսքան տաղանդավոր ցինիզմ ներմուծելու համար: Իսկ այս «քերթվածքի» հեղինակը ոչ ավել ոչ պակաս՝ ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, սպորտի, մշակույթի եւ երիտասարդության հանձնաժողովի նախագահն է, ով ուղեղ լվանալու մեթոդները հավանաբար այդքան էլ լավ չի սովորել, հակառակ դեպքում՝ գոնե մարդու ծիծաղը չշարժող մի բան կմտածեր: Դե եթե էլեկտրաէներգիայի բարձրացումը կրճատում է աղքատությունը, ապա անհասկանալի է, թե էլ ինչի են սպասում, թող կառավարությունը մի քանի անգամ բարձրացնի գինը եւ այդպիսով վերջ դնի աղքատությանը երկրում:

 

«Ավտոկայանատեղիների կազմակերպման օրենսդրական տրամաբանությունը ենթադրում է, որ տվյալ ծառայության մատուցումը Երեւան համայնքին վերապահված գործառույթ է եւ այդ ծառայությունից ստացված բոլոր միջոցները մուտք են գործելու քաղաքի բյուջե»։

Տարոն Մարգարյան Tert.am

Առնվազն անտրամաբանական է Երեւանի քաղաքապետի ասածը. եթե կարմիր գծերով կայանատեղիներից ստացված բոլոր միջոցները մուտք են գործելու քաղաքային բյուջե, ապա ի՞նչ տրամաբանությամբ է ծառայությունների մատուցումն իրականացնում մասնավոր ընկերությունը: Միայն թե Տարոն Մարգարյանը չասի, թե «Փառքինգ սիթի» ընկերությունը շահույթ չի հետապնդում եւ աշխատում է բարեգործական հիմունքներով: Հասկանալի է, որ քաղաքապետը Ռոբերտ Քոչարյանին հակադարձելու խնդիր ուներ, սակայն դա չի նշանակում, որ Մարգարյանը պետք է երեւանցի վարորդների թալանն արդարացներ նման ոչ պրոֆեսիոնալ ձեւով:

 

«Ինձ չի թվում, որ դա վիրավորանք է, եթե ինչ-որ մեկին թվում է, թե դա վիրավորանք է, դա իր անձնական պրոբլեմն է: Եթե մարդիկ գալիս եւ մասնակցում են հեռուստածրագրին, ուղեղ պետք է ունենան եւ հասկանան, որ իրենց ցույց են տալու»:

Եգոր Գլումով Esem.am

«X-Ֆակտոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամը նկատի ունի ժյուրիի անդամների պահվածքը եւ մասնակիցներին ծաղրի ենթարկելը, ինչի դեմ այս անգամ բողոքել են ՄԻՊ-ին: Իհարկե, մի կողմից՝ նման նախագծին մասնակցողը պետք է առնվազն չգերագնահատի իր ձայնային եւ կատարողական հնարավորությունները, սակայն ձայնային վատ տվյալները ոչ մի դեպքում չեն կարող պատճառ հանդիսանալ ժյուրիի կողմից մարդկանց ծաղրի ենթարկելու համար: Տարօրինակ է, որ նման պահվածքը շոումենը վիրավորանք չի համարում, իսկ արդյո՞ք ինքն իր հանդեպ կհանդուրժեր նման վերաբերմունք, կամ ինչպես է նա պատկերացնում վիրավորանքը:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս