ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ»-Ի ՊԵՏԻ ԱՆՈՒՆԸ ՀԱՅՏՆԻ Է

Հունիսի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Գենադի Սարգսյանն ազատվել էր աշխատանքից՝ քրեակատարողական ծառայողի համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ: Գենադի Սարգսյանի ազատումից հետո անցել է շուրջ 2 շաբաթ եւ մինչ օրս պաշտոնապես դեռ հայտնի չէ, թե ով կնշանակվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի պաշտոնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչությունում խոսակցություններ են պտտվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի պաշտոնում ներկայում ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վարուժան Եղիազարյանին նշանակելու մասին: Գաղտնիք չէ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն է հենց հանդիսանում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից ամենախոշոր եւ «յուղոտ» պատառը, որտեղ եւ պտտվում են հիմնական ստվերային գումարները:

2 ՄԼՆ-ՈՎ ԱԶԱՏՎԵՑ

2013թ. Հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել, այնուհետ կալանավորվել Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը: Ի դեպ, վերջինիս որդու քավորն էլ, ոչ ավել, ոչ պակաս, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է: Եվ այսպես, Գրքիկյանին կալանավորել էին Գյումրու քաղաքապետարանի բյուջեից փողոցների ասֆալտապատման նպատակով շուրջ 80 միլիոն դրամ գումար դուրս գրելու ու ոչինչ չանելու համար: Օրերս հայտնի դարձավ, որ նրան գրավի դիմաց ազատ են արձակել: Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Գրքիկյանի որդին` Հովսեփ Գրքիկյանը, իր հորն ազատել են 2 միլիոն դրամ գրավի դիմաց, իսկ թե ինչ կլինի քրեական գործի ճակատագիրը, դեռ կսպասեն եւ կտեսնեն: Այդպիսի քրեական գործեր է տեսել Վարդան Ղուկասյանի մերձավոր շրջապատը:

ՎՏԱՆԳԸ ԼՈՂԱՎԱԶԱՆՈՒՄ ԷԼ ԿԳԱ

Երկու օր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանում: 16-րդ թաղամասի 34 շենքից մոտ 16 տարեկան Արտյոմն իր 3 ընկերների հետ գնացել է բոլորին հայտնի «Հալաբյանի լողավազան» լողալու: Թե ինչ է կատարվել հետո, անհայտ է: Փաստն այն է, որ Արտյոմի ընկերները նրան կիսախեղդ վիճակում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Լուրեր են շրջանառվում, որ Արտյոմին միգուցե հրել են, նաեւ չի բացառվում այն վարկածը, որ նա լողավազան ցատկելիս գլուխը հարվածել է լողավազանի հատակին: Արդեն երկու օր է, ինչ Արտյոմը գտնվում է կոմայի մեջ եւ բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար:

ԲԱՆՏԱԽՑԵՐԻ ՌՈՄԱՆՏԻԿԱՆ

ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող «Արթիկ» ՔԿՀ-ն կալանավորներին լուսանկարելու ծառայությունները որոշել է իրականացնել բավականին էկզոտիկ անվամբ ընկերության միջոցով: Նրանք համապատասխան պայմանագիր են կնքել «Գյումրվա ռոմանտիկա» ընկերության հետ` այդ նպատակով վճարելով 120 հազար դրամ, կամ մոտ 500 դոլար: Իսկ ահա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում համապատասխան ծառայության համար պայմանագիր է կնքվել «Ֆոտո Ա.Ս.» ընկերության հետ, որին էլ վճարվել է 600 հազար դրամ, կամ մոտ 1500 դոլար:




Լրահոս