«Էմփիրեյ» ռոք խմբի նոր մենակատարը` Սուրեն Պողոսովը, սովորում է Երեւանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, փիլիսոփայության բաժնի 2-րդ կուրսում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սուրենը նշեց, որ խմբում հայտնվելն անակնկալ էր նաեւ իր համար.
-Մոտ 2 ամիս առաջ զանգ ստացա Գիսանե Պալյանից եւ իմացա, որ կա մի պրոեկտ, որին ինձ առաջարկում են մասնակցել: Հետո հանդիպեցինք Գիսանեի եւ նրա ամուսնու՝ Կարեն Արզումանյանի հետ, եւ ինձ հայտնեցին, որ այդ պրոեկտը «Էմփիրեյ» խումբն է: Ինձ համար այդ իրավիճակը մի քիչ շոկային էր, քանի որ ես ինքս «Էմփիրեյ» խմբից եմ սկսել լսել ռոք: Սկզբում չէի կարողանում ինձ պատկերացնել «Էմփիրեյ»-ի երգերի մեջ, բայց ցանկությունը շատ մեծ էր, եւ, ի վերջո, հաղթահարեցի այդ հոգեբանական արգելքը:
-Իսկ ինչո՞վ էիք զբաղվում մինչեւ «Էմփիրեյ» խմբի վոկալիստ դառնալը:
-Ճիշտ է, երաժշտական կրթություն չունեմ, բայց երաժշտությունը մշտապես ուղեկցել է ինձ. տիրապետում եմ երկու երաժշտական գործիքի՝ կիթառ եւ դաշնամուր, ինչպես նաեւ պարապել եմ վոկալ: Մասնակցել եմ «Իքս-Ֆակտոր» եւ «Սուպերսթար 5» երաժշտական նախագծերին: Հենց «Իքս-ֆակտոր»-ի շրջանակներում էլ Գիսանե Պալյանը նկատեց ինձ. որպես մասնակից տպավորվել էի:
-Գիտեմ նաեւ, որ ունեցել եք Ձեր սեփական ռոք խումբը: Կպատմե՞ք այդ խմբի մասին:
-Այո, նույն «Իքս-ֆակտոր» նախագծի շրջանակներում էլ ծանոթացել եմ իմ ապագա խմբի անդամների հետ: Խմբի անունը «Warm rain» էր, իրենց վոկալիստը որոշեց դուրս գալ խմբից եւ հրավիրեցին ինձ` որպես վոկալիստ ու ռիթմ-կիթառահար: Միասին նվագել ենք 2 տարի, որից հետո ես դուրս եկա խմբից` անձնական պատճառներով:
-Ովքե՞ր են ռոքի Ձեր կուռքերը:
-Ամենահետաքրքիրն այն է, որ ինքս «Էմփիրեյ» խմբից եմ սկսել ռոք լսել: Հիշում եմ, որ երկար ժամանակ միայն իրենց առաջին ալբոմն էի լսում: Խմբեր կան, որոնց համարյա բոլոր երգերն անգիր գիտեմ, օրինակ` «Rammstein», «Metallica», «System of a down», «Scorpions», խմբեր էլ կան, որ մի քանի երգ եմ լսում, բայց ոչ պակաս սիրում եմ` «Nirvana, «3 doors down»:
-Ինչպիսի՞ն են զգացողությունները նման պրոֆեսիոնալների հետ աշխատելիս, մե՞ծ է պատասխանատվությունը:
-Ճիշտն ասած, սկզբից շատ անհանգիստ էի, բայց հետո ուղղակի մոռացա այդ մասին: Ասեմ, որ իրենց հետ շատ հեշտ է աշխատել այն առումով, որ կոնկրետ գիտեն` ինչ են ուզում եւ ինչ է պետք այդ խմբի համար: Ճիշտ է, ես դեռ պրոֆեսիոնալ չեմ, բայց խումբը շատ լուրջ է ինձ համար, եւ նման մարդկանց հետ աշխատելն ուղղակի հաճելի ու արդյունավետ է: Չեմ սիրում ժամանակից առաջ ընկնել, բայց կարծում եմ` մեր համագործակցությունը երկար կտեւի, համենայնդեպս` ես կփորձեմ անել այն ամենն, ինչ ինձնից պահանջվում է:
-Նախկին վոկալիստի` Սարգիս Մանուկյանի խմբից հեռանալն ինչո՞վ էր պայմանավորված, տարաձայնություննե՞ր են եղել:
-Որքանով ես եմ տեղյակ, խմբում տարաձայնություններ չեն եղել: Ինքը որոշել է դուրս գալ խմբից` անձնական պատճառներից ելնելով, եւ ընտանիքով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
ԱՆՈՒԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ