Հավատարմագրվող բուհերը կծանոթանան փորձագիտական զեկույցներին և բարելավման պլան կմշակեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փորձագիտական զեկույցների նախնական տարբերակներն ուղարկվել են ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնող հինգ բուհեր: ԵՊՏՀ-ն, Երևանի «Հյուսիսային» համալսարանը, Երևանի «Հայբուսակ» համալսարանը, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը և Պետական կառավարման ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում: Հավատարմագրման դիմած բուհերն ինքնավերլուծություն էին ներկայացրել ՈԱԱԿ («Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»), իսկ ապրիլ-մայիս ամիսներին կայացավ փորձագիտական խմբերի այցը համալսարաններ:

Այժմ ամեն բուհի համար պատրաստ է փորձագիտական խմբի զեկույցի նախնական տարբերակը, որն էլ ուղարկվել է բուհերից յուրաքանչյուրին: Ըստ ՈԱԱԿ հավատարմագրման կարգի` ուսումնական հաստատությունը կարող է փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ ներկայացնել կամ հավաստել իր համաձայնությունը զեկույցի հետ:

Եթե առարկությունները և դիտողությունները փորձագետները հիմնավորված համարեն, զեկույցի նախնական տարբերակում փոփոխություններ կկատարվեն: Այնուհետև փորձագետները ՈԱԱԿ կներկայացնեն զեկույցի վերջնական տարբերակը:

Զեկույցում առկա խորհրդատվության հիման վրա յուրաքանչյուր բուհը կկազմի բարելավման պլան և դրա իրագործման ժամանակացույց: Հիմք ընդունելով ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը, փորձագետների զեկույցը և ուսումնական հաստատության կողմից ներկայացված փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագիրը, ՈԱԱԿ-ը կկազմի վերջնական եզրակացության նախագիծ և այն կներկայացնի հավատարմագրման հանձնաժողով՝ որոշում ընդունելու համար:

ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու




Լրահոս