«ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԵՆ, ԿՊԵԼ ԵՆ ՆՐԱՆՑ ՊԱՏՎԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատամարտի նվիրյալներ միավորում» հասարակական կազմակերպությունն արդեն տարածքային գրասենյակներ է բացում Երեւանի տարբեր վարչական շրջաններում, իսկ գլխավոր գրասենյակի բացումը տեղի է ունեցել օրերս: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ՀԿ-ի կազմավորման աշխատանքներին մասնակցում են նաեւ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարների կազմը։ Կազմակերպության ծրագրերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ:

-Պարոն Եղիազարյան, «Ազատամարտի նվիրյալներ միավորում» հ/կ-ի կազմավորումը ո՞ր փուլում է:
-Մենք արդեն ունենք կենտրոնական գրասենյակ, տղաներն այժմ տեղամասեր են բացում Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում:
-Այս պահին քանի՞ ազատամարտիկ է ընդգրկվել «Ազատամարտի նվիրյալներ միավորում» ՀԿ-ում:
-Թիվ ասել չեմ կարող, բայց մեծ արձագանք ունի կառույցը, մարդիկ միանում են մեզ, քանի որ ունեն բողոք, դժգոհություն: Մարդիկ կան, որ այսօր հայտնվել են արենայում ու իրենց համարում են ուսուցիչներ, բայց ժամանակը ցույց կտա, որ դա այդպես չէ: Մենք պարտավոր ենք ճշմարիտ պատմություն թողնել մեր հայրենիքի համար: Մեր տղաներին սարսափելի են վիրավորել, կպել են նրանց պատվին, դա փաստ է: Իսկ եթե, Աստված մի արասցե, վաղը պատերազմ սկսվի, ապա այդ նույն տղաները պետք է կանգնեն առաջին գծում: Ու իրենք պատրաստ են դա անել, ինչպես արել են տարիներ առաջ:
-Նշեցիք, որ ազատամարտիկների «պատվին են կպել», ումի՞ց են վիրավորված ազատամարտիկները:
-Այդ տղաները ոչ կարողանում են տուն պահել, ոչ կարողանում են երեխա պահել, իշխանություններն այդ մարդկանց հալածում են, ճնշում են, ինչի՞ց պետք է նրանք նեղանան: Բարոյական չեք համարո՞ւմ նրանց պահվածքը: Մենք տարիներ շարունակ սոված-ծարավ պատերազմի դաշտում ենք եղել, չի կերել նաեւ ժողովուրդը, չենք կերել նաեւ մենք: Բայց հիմա իրականությունն այլ է: Մենք վիրավորված ենք իրենց վերաբերմունքից, մարդիկ հիվանդ են ու չեն կարողանում դեղ գնել: Միայն Հայաստանում կարող են հայ զինվորին նման գնահատական տալ, այսօր զինվորի կարգավիճակը շատ էժան ձողի վրա է գտնվում: Մենք այս միավորումով ցանկանում ենք նորմալ երկիր կառուցել, ի՞նչ գիտեք՝ վաղն ինչ է լինելու, ի՞նչ կարգավիճակում է լինելու ՀՀ-ն:
-Իսկ կառույցի ֆինանսական խնդիրներն ո՞վ է հոգալու: Նշվում է, որ այն ֆինանսավորելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
-Մենք դրսում ունենք փայլուն հայեր, ովքեր մեզ աջակցելու պատրաստակամություն են հայտնել: Մեզ ոչ ոք չի հովանավորում: Գագիկ Ծառուկյանը կապ չունի, բայց ով էլ որ մի բան անի ես բան չեմ կարող ասել, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ կարգավիճակում ենք հայտնվելու վաղը: Չկռվողներն այսօր ավելի լավ են ապրում, քան այն տղաները, ովքեր ոտք ու ձեռք են կորցրել պատերազմի դաշտում: Այսօր այդ տղաները սոցիալական լուրջ խնդիրներ ունենալուց բացի, նաեւ իրենց արհամարհված են զգում: Իսկ դա շատ վատ է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս