ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՌԵԿԵՏ» ԳԱՌՆՈՒ ՁՈՐՈՒՄ

Գառնու հեթանոսական տաճարի շուրջ ծավալվող կրքերը չեն հանդարտվում: Դեռ չէր ավարտվել տաճարի տարածքում սպասվող սրճարանակառուցման թեման, հիմա էլ դրամաշորթեր են հայտնվել այնտեղ: Իհարկե, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ով գոնե մեկ անգամ առիթ է ունեցել լինել Գառնու հեթանոսական տաճարում, ձոր իջնելու համար հաստատ վճարել է գումար: Այլապես նրան չէին թողնի վայելել գեղատեսիլ Գառնին՝ ներքեւից: Պարզվում է՝ այդ գումարները շորթվել են միանգամայն ապօրինի կերպով: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ Գառնու ձորում գտնվող Գառնիի սանիտարական գոտին պատկանում է «Երեւանջուր» ՓԲԸ-ին: Այս ընկերությունը, սակայն, որեւէ առնչություն չունի գանձվող գումարների հետ: Իրականում Գառնի գյուղի բնակիչ Շմավոն Համբարձումյանն է ինքնագլուխ իր՝ 90-ամյա հոր միջոցով ապօրինի կերպով պարբերաբար գումարներ գանձել Գառնու ձորի գեղատեսիլ վայրեր այցելող քաղաքացիներից եւ զբոսաշրջիկներից: Հայր ու որդի Համբարձումյաններն արգելապատնեշ են դրել ձորի մուտքի մոտ եւ տարբեր չափի գումարներ հավաքել: Շմավոն Համբարձումյանը պատճառաբանել է, թե այդ գումարները պարտավոր են վճարել իրեն, քանի որ տարածքն իր սեփականությունն է: Սակայն իրականում նման բան չկա: Գառնու ձորում հայր ու որդի պարզապես «ռեկետ» են արել: Ավելին՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս խնդրով արդեն զբաղվում է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունը՝ հորդորելով Շմավոն Համբարձումյանից տուժածներին դիմել Կոտայքի կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մոտակա բաժին:

ԿԹԱՆԿԱՆԱ՞

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ղեկավարությունն առայժմ չի նախատեսում վերանայել ուղեւորափոխադրումների գործող սակագինը: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին մետրոպոլիտենի ղեկավարությունն իհարկե տեղյակ է, բայց ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը` իրենք չեն էլ մտածել գործող 100 դրամ սակագինը բարձրացնելու մասին: Ավելին` մեր հարցը նույնիսկ անակնկալի բերեց մեր զրուցակցին, թեեւ, ինչպես լինում է բոլոր նման դեպքերում, չի բացառվում, որ օրեր անց համապատասխան որոշում հրապարակվի գործող սակագինը վերանայելու մասին:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ




Լրահոս