ԿԱՍԻԼՅԱՍԻ ԽԱՂԱԿՈՇԻԿԸ
2014 թվականի աշխարհի առաջնության շրջանակներում խմբային փուլի վերջին՝ Ավստրալիայի ընտրանու հետ խաղում Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասն իր խաղակոշիկը նետել է երկրպագուների կողմը: Թե ինչ իրարանցում է առաջացրել դարպասապահի արարքը, կարող եք տեսնել լուսանկարներում:
ՊԵՏՔ Է ԲՈՒԺԶՆՆՈՒՄ ԱՆՑՆԻ
Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը այսօր ժամանելու է Գերմանիա, որտեղ կմիանա իր ակումբակիցներին: Յուրա Մովսիսյանը ոտքի քառագլուխ մկանի հետ կապված խնդիր ունի եւ Գերմանիայում պետք է բուժզննում անցնի: Դեռեւս հունիսի 6-ին կայացած Գերմանիա-Հայաստան խաղից հետո Մովսիսյանը կաղալով լքեց մարզադաշտը, ապա մեկնեց ԱՄՆ՝ անցկացնելու ամառային արձակուրդը: Գերմանիայում հայ հարձակվողը կանցնի եւս մեկ բուժզննում՝ արդեն «Սպարտակ»-ի բժիշկների գլխավորությամբ: Չի բացառվում, որ Մովսիսյանը կենթարկվի վիրահատության:
ԶԻԴԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ՌԵԱԼ 2»-Ը
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Զինեդին Զիդանը գլխավորել է ակումբի երկրորդ թիմը՝ «Կաստիլյա»-ն: Հիշեցնենք, որ Զիդանը 2013-14թթ.. մրցաշրջանում կատարել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականի պարտականությունները: Զիդանը հայտարարել էր, որ ցանկանում է գլխավոր մարզչի աշխատանք կատարել: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ֆրանսիացուն առաջարկել էր չհեռանալ ու գլխավորել «Կաստիլյա»-ն: Զիդանն այսօր ընդունել է առաջարկը:
ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող մրցաշարում 5-րդ տուրից հետո վաստակել է 5 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Հայ շախմատիստը 1.5 միավորով առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող մրցակցից։ Մրցաշարը կավարտվի հունիսի 27-ին։ Ջերմուկում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում 8-րդ տուրից հետո աղյուսակը 7 միավորով միանձնյա գլխավորում է Կարեն Գրիգորյանը։ Արման Փաշիկյանն ունի 6.5 միավոր։ Հունիսի 25-ին կկայանան վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները: