ՀԱՄԱՑԱՆՑԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՓՈԽԱՐԻՆԻ ԻՐԱԿԱՆ ՇՓՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր օրերի ամենամեծ խնդիրներից մեկն էլ այն է, որ համացանցային վիրտուալ աշխարհը փոխարինել է իրական, մարդկային շփումներին: Այսօր, երբ շրջում ենք փողոցներով, տեսնում ենք մարդկանց, ովքեր ամբողջովին ընկղմված են իրենց նոթբուքերի մեջ, անընդհատ ինչ-որ տեքստեր են հավաքում իրենց այֆոնների վրա: Մտնում ենք սրճարան ու տեսնում, որ այցելուները չեն զրուցում միմյանց հետ. նրանք կլանված են իրենց այփադներով եւ փորձում են միանալ Վայ-ֆայ կապին: Թե հայտնիներն ինչքանով են վարակված «համացանցային հիվանդությամբ», ինչքան ժամանակ են հատկացնում սոցիալական ցանցերին, եւ ըստ նրանց` կարող են արդյոք օնլայն նամակները փոխարինել իրական շփմանը, «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել փոքրիկ հարցախույզի միջոցով:

Արման Գեւորգյան. դերասան, հումորիստ
Այո, չեմ հերքի, որ հիվանդության մի տարատեսակ է ինտերնետը եւ ունի վիրուսային հատկություն, այսինքն` եթե որեւէ մեկը դեռ վարակված չէ, հանգիստ կարելի է վարակել նրան` չուզողություն անելով: Վարակելու, այսինքն` վատություն անելու փուլերն ընդամենը երկուսն են: Բավական է՝
1. նրան գրանցել սոցիալական ցանցերից որեւէ մեկում,
2. դրդել, որպեսզի իր իսկ ձեռքով ֆոտո կամ ստատուս տեղադրի տվյալ մարդը եւ… վերջ, նա վարակված է, քանի որ «լայք» կոչվածը շատ նման է ծափահարության, դրական քոմենթ թողնելը նման է ծաղիկներ նվիրելուն: Ի դեպ, իմ 1,8 տարեկան աղջիկը նույնպես արդեն մոտ 4-5 ամիս է` վարակված է «յութուբյան» երաժշտական եւ մանկական տեսանյութերով: Ի՞նչ արած… պետք է հարմարվենք ժամանակների թելադրանքներին: Ես ավելի շատ գործնական եմ մտնում սոց. ցանց, քանի որ մինչ հեռախոսային փուլին անցնելը, շատ հարմար եւ արագ է ստացվում կապեր հաստատել եւ նախընտրելի ինֆորմացիան վերցնել հենց ֆեյսբուքում: Իսկ ընկերներիս հետ ես չեմ դադարում շփվել եւ կապ պահել իրական կյանքում: Ինձ համար ինտերնետը երբեք չի փոխարինել իրական շփմանը: Ես մարդկանց հենց այդ սովորությանն անդրադարձել եմ իմ ARMANI MUSICAL COMEDY ներկայացման պրեմիերայի ընթացքում՝ նշելով, որ մենք այսօր ամեն ինչ անում ենք բացառապես սոց. ցանցերի համար: Եթե հաց ենք ուտում, ուրեմն անպայման պետք է ստատուս գրենք, որ բոլորն իմանան՝ հաց ենք ուտում: Ես կարծում եմ՝ մարդիկ արտահայտվելու, կիսվելու եւ շփման կարիք ունեն, եւ սոցիալական ցանցերը լավագույն միջոցն են այդ բնական ցանկությունը բավարարելու համար: Ես ինքս էլ երբեմն գրում եմ ստատուսներ, բայց պետք է մաքսիմում ասելու բան կուտակված լինի, որ արտահայտվելու ցանկություն լինի: Սոցիալական ցանցերը եւս մի հարթակ են, որտեղ ոչ միայն պարզապես քաղաքացիները, այլ նաեւ պատգամավորները, նախարարներն ու արվեստագետներն են ասելու, խոսելու եւ կիսվելու կարիք ու հնարավորություն ունենում, քանի որ եթերում ամեն բան չէ, որ կարող են ասել: Էսպես կարող եմ մեկնաբանել՝ Ֆեյսբուքը դա մի դաշտ է, որտեղ ցանկացած փողկապ կապող հանում է իր փողկապը եւ «սպարտիվկով» մտնում:

Աննա Պանի. դերասանուհի, դիջեյ
Եթե ճիշտ օգտվենք համացանցից եւ նրա հնարավորություններից, այն միայն կօգնի թեթեւացնել մեր կյանքը: Իսկ սոցիալական ցանցերով հիվանդագին տարվելու ժամանակակից նորաձեւությունը, ամեն քայլը, ամեն խոսքը հանրային դարձնելն արդեն համարում եմ մեծ խնդիր, որով լցված են մեզանում շատ շատերը` սկսած հանրային դեմքերից, մինչեւ հասարակ քաղաքացիներ: Ինձ մոտ, փառք Աստծո, այդ աստիճանի չի հասել: Ես ինքս առաջին հերթին մտնում եմ սոցիալական ցանցեր ոչ թե շաղակրատելու, այլ ուղղակի զրուցելու այն մարդկանց հետ, ում հետ կապն ավելի քիչ է, կամ շտապ հաղորդագրություն ուղարկելու անհրաժեշտություն կա: Խուսափում եմ համատարած «լայք»-ից, ամեն ակնթարթ իմ կյանքը լուսաբանելուց եւ, իհարկե, սրտաճմլիկ ստատուսներ գրելուց: Ընկերներիս հետ հաճախ հանդիպում եմ, շատ կարոտելու դեպքում, եթե հանդիպումը հետաձգվում է, օգնության են գալիս սոցիալական ցանցերը, բայց հիմնականում ռեալ շփումն եմ նախընտրում: Չեմ սիրում «չատ» ասվածը եւ դրանից շատ օգտվողներից չեմ:

Նազենի Հովհաննիսյան. հաղորդավար
Կարող եք մտնել իմ էջ եւ կարդալ իմ ստատուսները. դրանք սովորաբար հստակ բովանդակային հղումներ պարունակող հաղորդագրություններ են: Ես իմ ընկերների հետ շփվում եմ իրականում, օնլայն տիրույթն առավելապես անծանոթների համար է: Այն լավ գործիք է տարածական շփման եւ իմ սեփական մտքերն ավելի մեծ քանակով մարդկանց հասցնելու համար, ինչը իմ` որպես հաղորդավար, կարեւոր բաղկացուցիչն է: Սա օգտակար գործիք է, որը պետք է օգտագործել զգուշությամբ, որպեսզի չվնասի ո՛չ օգտատիրոջը եւ ո՛չ էլ այլ մարդկանց: Սոցիալական կայքերով «հիվանդ» մարդիկ կամ պարապ են, կամ չունեն սեփական, իրական կյանքի գիտակցում, կամ էլ, գուցե, բարդույթներն են ստիպում փակվել «օգտատեր» կերպարի ներքո: Գերադասելի է, որ համացանցային տիրույթը լինի առավելապես ինֆորմատիվ, օգտակար, շփման եզրեր ստեղծող եւ առողջարար, այլ ոչ թե հիվանդացնող ու մեկուսացնող:

ԱՆՈՒԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ




Լրահոս