ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես կարդում եմ «Կյանքի խոսք» աղանդի գրքերը պարզապես ճանաչողական նպատակով, ու հնարավոր է՝ այնտեղ հանդիպեմ խելամիտ մտքերի: Հետաքրքիր է տեղեկանալ՝ արդյոք մեղք է համարվում, երբ ծանոթանում եմ նրանց գաղափարներին:
Անի Հովհաննիսյան (27 տարեկան, բանասեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մեղք չէ, եթե արդյունքում չդառնաք աղանդավոր: Արգելված չէ կարդալ այլ կրոններին վերաբերող գրականություն: Պարզապես խնդիրը չշեղվելու մեջ է: Բնական է, որ աղանդներն իրենց գրականություններում սեփական գովազդն են անում, ու քրիստոնեությունից անտեղյակ մարդու համար դժվար կլինի հասկանալ, թե որն է կեղծ, եւ որն է ճշմարիտ: Մյուս կողմից, կասկածելի է, որ «Կյանքի խոսք» աղանդի հրատարակություններում կարելի է որեւէ խելամիտ միտք գտնել: Խորհուրդ ենք տալիս, եթե Ձեզ համարում եք Առաքելական եկեղեցու հետեւորդ, նախ սերտել Աստվածաշունչը, իմանալ Հայ եկեղեցու վարդապետությունը, ճանաչել Հայ եկեղեցին, այսինքն՝ ամուր գիտելիքներ ունենալ, հետո միայն ուսումնասիրել այլ կրոնների ու աղանդների ուսմունքները:
Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամերիկյան պետդեպարտամենտի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում գոյություն ունի խարիզմատիկ «եկեղեցու» 22.700 հետեւորդ: «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոն»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանի հավաստմամբ՝ խարիզմատիկներից մեզ մոտ գրանցված է միայն «Կյանքի խոսք»-ը, ուրեմն ճշտված է միայն վերջիններիս թվաքանակը: Այսինքն՝ վերոնշյալ թվի մեջ մտնում են «Կյանքի խոսք»-ի հետեւորդները, որոնց թիվը, համաձայնե՛ք, փոքր չէ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե որ պահից սկսած է հաշվարկվում հողի հարկը եւ ինչ կարգով է վճարվում: Տեղյակ եմ, որ խաղողի եւ պտղատու այգիների համար հողի հարկ չի վճարվում: Էլ ո՞ր դեպքում չի վճարվում:
Լյովա Խանամիրյան (54 տարեկան, այգեգործ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հողի հարկը հաշվարկվում է հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության, անհատույց մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Հողի հարկից ազատվում են նոր հիմնված եւ երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները մինչեւ տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում)՝ դրանց տարածքը 0.1 հեկտար եւ ավելի լինելու դեպքում:
Ինչ վերաբերում է վճարման կարգին, ապա տեղեկացնում ենք, որ հողի հարկի գումարները քաղաքացիներն ու գյուղացիական տնտեսությունները պետական բյուջե են վճարում հավասար մասերով, ոչ ուշ, քան մինչեւ հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը, իսկ ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները՝ եռամսյակը մեկ անգամ, մինչեւ հաշվետու եռամսյակի հաջորդ ամսվա 25-ը:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հատկապես գյուղացիների համար շատ դժվար է վճարել հարկերը ամեն տարի պատուհասող ցրտահարության, երաշտի կամ կարկուտի հասցրած վնասներից հետո: Առավել եւս, որ պետական փոխհատուցում նման դեպքերում կա՛մ չի լինում, կա՛մ էլ կրում է խիստ սիմվոլիկ բնույթ:




Լրահոս