ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՒՅՆ ԳՆՈ՞Վ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ՀՀ այցից հետո հայտարարել էր, թե շուտով Հայաստանի քաղաքացիներն իրենց մաշկի վրա կզգան այցի դրական հետեւանքները: «Ռուսաստանը նվազեցնում է Հայաստանին մատակարարվող գազի սակագինը` 1000 խմ-ի դիմաց նախկին 270 դոլարի փոխարեն սահմանելով 189 դոլար: Սա դրակա՞ն է, թե՞ ոչ մեր քաղաքացիների համար»,-ասել էր նա: Շարմազանովի հայտարարություններից հետո, սակայն, պարզ դարձավ, որ ՀՀ քաղաքացիների համար գազի սակագինը մնալու է նույնը, ասել է թե՝ այցից հետո որեւէ փոփոխություն չի լինի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Շարմազանովը մեկնաբանեց, որ եթե ներկրման սակագինը մնար 270 դոլար, այդ ժամանակ գինը կբարձրանար, ու մարդիկ կզգային բացասական հետեւանքները, բայց քանի որ ներկրման սակագինը նվազել է, ՀՀ քաղաքացիները կշարունակեն օգտվել նույն գնով: Հետեւաբար, դա դրական է մեր քաղաքացիների համար:

 

 

ԴԺԳՈՀ ԵՆ

Երեկ ԱԺ միջանցքներում քննարկվող թիվ մեկ «թեման» ԱԺ պատգամավորների օգնականների եւ ԱԺ փորձագետների աշխատավարձերի հարցն էր: Բանն այն է, որ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում որոշվել է «չնչին» չափով բարձրացնել օգնականների աշխատավարձերը: Սակայն վերջիններս դժգոհ են, քանի որ, ի տարբերություն իրենց, փորձագետների աշխատավարձերն ավելի շատ են բարձրանալու: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով այդ հանգամանքին, նշեց. «Լավ ենք արել, որոշել ենք… Ես գտնում եմ, որ այդպես պետք է լինի»:

 

 

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2013թ. նոյեմբերին «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը հայտնվել է բավական անհարմար վիճակում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա հիմնադրամի անվան տակ Հայաստան է ներմուծել հումանիտար բեռ, որն այդպես էլ չի հայտարարագրել: Մինչդեռ ՊԵԿ-ը սահմանափակվել է հիմնադրամի տնօրենին ընդամենը 50.000 դրամով տուգանելով: Նման մի դեպքի մասին էլ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր իր երեկվա համարում:

 

 

ԴԱՏԻ ԿՏԱՆ

«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ու կուսակցության անդամ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը դատական հայց են ներկայացնելու «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի դեմ: Այդ մասին ասված է Ստյոպա Սաֆարյանի տարածած հայտարարությունում: «Ժառանգության» անդամները հեռարձակողից եւ կազմակերպչից պահանջելու են խաղի հայերենով վարում եւ հեռարձակում, իսկ պահանջը չկատարելու դեպքում՝ հեռարձակման դադարեցում: Նրանք նաեւ կոչ են արել բոլոր մտահոգ քաղաքացիներին եւ մտավորականներին միանալ հայցադիմումին:




Լրահոս