ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՎ ԾԵԾԿՌՏՈՒՔ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նոյեմբերի 25-ին ծեծկռտուք է տեղի ունեցել եւ կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Միջադեպի մասնակիցներն են եղել Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի «չղջիկները»:

Մինչ բուն պատմությանն անդրադառնալը, մի քանի խոսքով ներկայացնենք, թե ովքեր են այդ «չղջիկները». նրանք Վարդենիսի այն բնակիչներն են, որոնք չունեն աշխատանք եւ ընտրել են ապրելու ամենավտանգավոր միջոցը: Նրանք մտնում են Սոթքի ոսկու հանքափոսը, հանքանյութ գողանում` վտանգելով իրենց կյանքը, այն տեղափոխում տուն, մանրացնում, լցնում «կիսլատայի» մեջ, որից թունավոր արտանետումներ են լինում (դեղին ծուխ է դուրս գալիս), ապա հեղուկի վրա է դուրս գալիս սպասված ոսկու ձուլվածքը, ինչն էլ վաճառում եւ ապրում են:
«Ժողովուրդ»-ը շատ է անդրադարձել այն իրողությանը, որ Վարդենիսում էկոլոգիական վիճակը ծայրահեղ աղետալի է. քաղաքը հիմնականում փոշու մեջ է, շատացել են տարաբնույթ հիվանդություններն ու հանկարծամահության դեպքերը:
Դե իսկ բնակիչների շրջանում հանքի ոսկու հողաշերտի կամ հանքանյութի շուրջ առաջացած վեճերն արդեն սովորական են դարձել: Նույնիսկ նախկինում տարաբնույթ քրեական տարրեր էին զբաղվում «չղջիկների» «ռազբորկաները» կարգավորելով՝ ընդհուպ մինչեւ Կանեւսկոյ Արմենի մակարդակով (վերջինս 2010-ին մահացավ հիվանդանոցում, նա համարվում էր Դեդ Հասանի «աջ ձեռքը»): Այսինքն՝ հատուկ որոշվում էր, թե ով երբ ու որ կողմից պետք է հանքանյութ գողանա եւ ինչքան «նալոգ» վճարի:
Ինչպես նշեցինք, այս գողությունները մարդկային բազում կյանքեր են խլել, քանի որ շատերը պարզապես մնացել են հանքավայրի ներսում, խեղդվել են կամ քարերն են թափվել նրանց վրա եւ այլն:
Հիմա դառնանք առավել «թարմ» դեպքին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 25-ին «չղջիկների» միջեւ տեղի ունեցած վիճաբանությունը սկսվել է ավտովթարից: Վարդենիսի բնակիչներից մեկն իր «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Սոթքի երկրաբանական հետախուզական արշավախմբի բաժնի պետ Մյասնիկ Մանուկյանի «Ուազ» մակնիշի ավտոմեքենային: Ըստ ականատեսների՝ վերջիններս սկսել են փողոցի մեջտեղում կռիվ սարքել, որն էլ ավելի ուշ վերածվել է ծեծկռտուքի: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ լսվել են նաեւ կրակոցներ, ու անգամ հրազենի հետքերն էլ առկա են եղել մեքենաների վրա: «Բոլորն էլ ոսկու հանքի երիտասարդներ են, ու այս կռիվը «չղջիկների» եւ հանքի աշխատակիցների միջեւ մշտապես եղել է: Մեզ համար արդեն ոչինչ զարմանալի չէ, քանի որ այս պատմությունները շատ խորը արմատներ ունեն ու արդեն վերահսկողությունից դուրս են»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում:
Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ինքը տեղյակ չէ եւ, առհասարակ, գործ չունի այդ պատմությունների հետ: Ասել է թե՝ բնակիչների եւ հանքի տնօրինության միջեւ առկա լարվածությունը չի հետաքրքրում քաղաքային իշխանություններին:
Ինչեւէ, կատարվածի մանրամասները պարզելու նպատակով զրուցեցինք Սոթքի ոսկու հանքի տնօրեն Արմեն Մելքոնյանի հետ:
-Պարո՛ն Մելքոնյան, ինչպե՞ս կբացատրեք նոյեմբերի 25-ին հանքի աշխատակիցների եւ մի խումբ երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպը:
-Ես նման բան չեմ լսել ու չգիտեմ:
-Սոթքի երկրաբանական հետախուզական արշավախմբի բաժնի պետ Մյասնիկ Մանուկյան անունով աշխատակի՞ց էլ չունեք: Հենց նա է եղել վեճի կիզակետում:
-Ո՛չ, մենք նման աշխատակից չունենք:
-Վստա՞հ եք:
-Այո՛, նման աշխատակից չունենք:
-Հոկտեմբերի 27-ին հանքում թունավոր նյութերի պատճառով խեղդամահ եղած, չորս երեխաների հայր Վաչիկ Սաղաթելյանը նույնպե՞ս Ձեր աշխատակիցը չէ:
-Ո՛չ, իմ աշխատակիցը չէ, եւ նման դեպք էլ մեզ մոտ չի եղել: Վարդենիսում ինչ նման դեպք լինում է, գցում են հանքի վրա: Հո տենց չի՞ լինի:
-Հավանաբար գոնե Վարդենիսում հայտնի «չղջիկների» գոյությունն էլ կհերքեք:
-Բացառում եմ, նման բան չկա, քանի որ ինձ մոտ անվտանգության աշխատակիցներ, պահակներ կան, որոնք ինձ «աչոտ են տալիս», թե ինչ է կատարվում, եթե նման բան կատարվի ինձ մոտ, դա անպայման կգրանցվի:
-Ձեր հերքումներն արժանահավատ չեն, քանի որ ողջ մարզում են խոսում, որ Սոթքի հանքը վերածվել է «սպանդանոցի»: Մարդիկ մահանում են օրինական եւ ապօրինի կերպով հանքանյութ հավաքելիս:
-Ես Ձեզ կրկնում եմ՝ Սոթքի հանքի այն հատվածում, որը տրված է GeoProMining Gold ընկերությանը, նման դեպքեր չեն լինում: Ես պատասխանատու եմ ինձ շահագործման տրված տարածքի համար, մյուս մասի հետ կապված` ոչինչ չգիտեմ:
-Այսինքն՝ մեղքը բարդում եք չշահագործվող տարածքների վրա:
-Չգիտեմ:
-Ուզում եք ասել՝ ինչ-որ մարդիկ վարկաբեկո՞ւմ են Ձեր ընկերությունը:
-Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը կա:
-Անուններ կասե՞ք:
-Չէ՛, չգիտեմ:
-Մի քանի տարի առաջ Վերահսկիչ պալատը բացահայտեց, որ Սոթքի ոսկու հանքավայրը, որը հարուստ պաշարներ ունի եւ ակտիվ գործունեություն է ծավալում, 0 դրամ հարկ է վճարում պետբյուջե:
-Բացառվում է, ո՞նց կարող է հանքն աշխատել առանց հարկ վճարելու:
-Չի բացառվում, կան պաշտոնական, հաստատված փաստաթղթեր:
-Կարող է՝ ուրիշ տեղեր նման բան կա, բայց մեզ մոտ չկա:
Թեեւ Սոթքի ոսկու հանքի տնօրեն Արմեն Մելքոնյանը հերքեց ամեն ինչ, այդ թվում եւ այն, որ իր աշխատակիցները կապ ունեն նոյեմբերի 25-ին հնչած կրակոցների հետ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին այս տեղեկությունը՝ հավելելով, որ քննություն է կատարվում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս