Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է պայմանագրային զինծառայող, 30-ամյա Արտակ Նազարյանի մահվան գործով դատական նիստը: Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի վերջին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված “Մեհրաբներ” զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում: Ըստ ՀՀ ՊՆ քննչական ծառայության պաշտոնական վարկածի՝ նա ինքնասպան է եղել, իսկ ըստ Նազարյանի հարազատների՝ լեյտենանտին սպանել են, և ինչ–ինչ պատճառներով դա թաքցվում է։ Դատարանում այսօր հարցաքննվել է գործով վկա, կրտսեր սերժանտ Արտակ Հովհաննիսյանը, ով եղել է հենակետի ավագի` Արտակ Նազարյանի տեղակալը: Արտակ Հովհաննիսյանը, կրկնելով նախաքննական ցուցմունքները, խոստովանել է, որ դեպքից ժամեր անց իրեն և այլ զինծառայողների տեղափոխել են ռազմական ոստիկանության մեկուսարան, որտեղ ինքը 9 օր է անցկացրել: Ըստ վկայի՝ այնտեղ իրեն ամեն օր հարցաքննել են` անգամ չհայտնելով պատճառը։ Հովհաննիսյանն ասել է, որ ինքը սպանվածին վերջին անգամ տեսել է հուլիսի 26-ի երեկոյան, մինչև ժամը 21-ը: Հաջորդ առավոտյան կրակոց է լսել խրամատների կողմից, մի ուրիշ զինվորի հետ գնացել և տեսել են, որ Արտակ Նազարյանը մահացած է: Արտակ Հովհաննիսյանի կարծիքով՝ Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել, քանի որ մահացած ժամանակ նրա ձեռքին զենք է եղել։Վկա Հովհաննիսյանը հարցաքննության ընթացքում շատ հարցերի պատասխանել է. “Չեմ հիշում”: Դատավոր Սամվել Մարդանյանը հաջորդ նիստը նշանակել է մարտի 13-ին՝ ժամը 12-ին:տեսանյութը` Արման Վեզիրյանի
Բանակում մահացած Արտակ Նազարյանի գործով ցուցմունք է տվել նրա տեղակալը (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ