ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Մարտի 6-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի հետ: Խորհրդարանական պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Կողմերը կարեւորել են համագործակցությունը երկու երկրների խորհրդարանների միջեւ: Է. Շարմազանովը Սեյմի նախագահին շնորհավորել է մարտի 11-ին նշվող Լիտվայի Հանրապետության անկախության վերականգնման օրվա կապակցությամբ: Լիտվական կողմը կարեւորել է Հայաստանում ընտրական գործընթացների ժողովրդավարական լինելը, իսկ հայկական պատվիրակությունը նշել է, որ Հայաստանում վճռական են մայիսի 6-ին անցկացնել ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող խորհրդարանական ընտրություններ: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր: Լիտվական կողմը` որպես ԵՄ անդամ երկիր, իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու եվրաինտեգրման խորացմանն ուղղված Հայաստանի ջանքերին: Խորհրդարանականները քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս փուլը: ԱԺ փոխնախագահը վերահաստատել է հակամարտության` հայտնի սկզբունքների հիման վրա կարգավորման պատրաստակամությունը նշելով, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: “Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի”,-ասել է Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի հետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ