Հայ կանայք հավասար են իտալուհիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գենդերային հավասարության առումով Հայաստանը մնում է միջին դիրքերում, սակայն ավելի նպաստավոր դիրքում է, քան իր հարևանները: Կանանց միջազգային տոնին ընթառաջ “Սոցիալական ժամացույց” կազմակերպությունը հրապարակել է “Գենդերային հավասարության ինդեքս”-ի 2012 թվականի արդյունքները: Այս կազմակերպությունն ամեն տարի հետազոտություն է անցկացնում` չափելու կանանց և տղամարդկանց հավասարությունը` կրթական, տնտեսական և քաղաքական հարցերում: Ըստ այդմ` Հայաստանում երիտասարդ կանայք և տղամարդիկ ունեն 100 տոկոսանոց հավասար հնարավորություն` բուհերում սովորելու համար: Սա միակ չափանիշը, որտեղ Հայաստանը 100 միավոր ունի, դա կրթական ոլորտն է, մինչդեռ տնտեսական և քաղաքական առումներով 74 և 36 է` այսինքն ցածր և կրիտիկական: Ըստ հրապարակված ցուցանիշի` Հայաստանն ունի 70 միավոր և քիչ է զիջում Եվրոպային, որտեղ միջին ցուցանիշը 73 է, սակայն ավելի նպաստավոր դիրքում է, քան հարևան երկրները: Թուրքիան ունի 45 միավոր, Ադրբեջանը` 64, իսկ Վրաստանը` 67: Սակայն պետք է նկատել, որ Հայաստանը հեռու է առաջատար երկրներ համարվող Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Նոր Զելանդիայից և Իսպանիայից, որտեղ այդ ցուցանիշը 80 միավորից բարձր է: Սակայն մենք մոտ ենք Ուկրաինային (69), Մալթային (63), Բելառուսին (64), Կիպրոսին (67) , Լյուքսեմբուրգին (68), և ունենք այնքան միավոր, որքան Իտալիան (70): Փուլերը բաժանվում են կրիտիկական, շատ ցածր, ցածր, միջին և ընդունելի: Որևէ պետություն չի հասել 90 միավորի և համարվել ընդունելի: 154 պետություններից գենդերային խնդիրներում ամենավատ վիճակում են Կոնգոն (29), Նիգերիան (26), Չադը(25), Եմենը (24) և Աֆղանստանը (15):




Լրահոս