Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Թուրքիայի եւ Կովկասյան երկրների նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Մալիժին: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
ԿԲ նախագահը շնորհավորել է Մալիժին՝ այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, և մաղթել նրան հաջողություններ՝ ի շահ ՎԶԵԲ և Հայաստանի հետ համագործակցության:
Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ բազմամյա գործունեության արդյունքները՝ նշելով, որ Հայաստանում իր գործունեության առաջին օրից ի վեր այն մեծ դեր է ունեցել մեր երկրի տնտեսության կայուն զարգացման խթանման գործում` ներդրումներ իրականացվելով տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ այնպիսի ճյուղերում, ինչպիսին են գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, մունիցիպալ և բնապահպանական ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունը և, իհարկե, ֆինանսական ոլորտը: Պարոն Ջավադյանն առանձնացրել է ՎԶԵԲ-ի դերը կապիտալի շուկայի զարգացման գործում ցուցաբերված աջակցության համար և հույս հայտնել, որ ապագայում էլ ՎԶԵԲ-ը աջակից կլինի Հայաստանում ֆինանսական հատվածի և տնտեսության զարգացմանն ուղղված գործիքների ներդրման գործում:
Ֆրանսիս Մալիժը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքների համար ու իր պատրաստակամությունը հայտնել Հայաստանում ՎԶԵԲ հետագա ծրագրերի խորացման ուղղությամբ:
Նա բարձր է գնահատել ֆինանսական հատվածում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը և ողջունել ԿԲ ջանքերը՝ ուղղված ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսական կայունության ապահովմանը: ՎԶԵԲ Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Թուրքիայի և Կովկասյան երկրների գլխավոր տնօրենը նաև ներկայացրել է ՎԶԵԲ Հայաստանի ռազմավարությունը և գերակա ուղղությունները:
Ջավադյանը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանն ընդգրկել իր տարածաշրջանային ռազմավարական ծրագրերում, և նշել, որ ՀՀ կենտրոնական բանկը պատրաստակամ է շարունակել երկկողմ կառուցողական համագործակցությունը: