Հայաստանում սոցիալապես անապահով խավը վերջապես կարող է ոչ միայն հանգիստ շունչ քաշել, այլեւ իրեն անսահման երջանիկ զգալ: Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումից երեք օր էլ չէր անցել, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը Սերժ Սարգսյանի առաջարկով, օգնության հասավ նրանց:
Ու կառավարության երեկվա նիստում որոշում է ընդունվել՝ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով բարձրացնել ընտանեկան նպաստի չափերը: Եվ միայն պատկերացնել կարելի է, թե հայրենի կառավարությունը ինչ գթասրտություն ու հոգատարություն դրսեւորեց սեփական քաղաքացիների նկատմամբ` 1000 դրամով բարձրացնելով ընտանեկան նպաստի չափը: Այդ որոշումը վերաբերվելու է 105 հազար ընտանիքի:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ՀՀԿ-ական նախարար Արտեմ Ասատրյանը դեմքի լուրջ արտահայտությամբ հիմնավորել է օգնության չափը: Ըստ նրա` աղքատ ընտանիքներն ամսական միջինը սպառում են 200 կվ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ հոսանքի գինը թանկանում է 3.85 դրամով, այսինքն` 38-ից դառնալով 42 դրամ:
Կառավարությունն էլ երեք օր շարունակ հաշվարկել-հաշվարկել ու պարզել է` այդ ընտանիքների ուսերին ամսական 800 դրամ ֆինանսական բեռ է ավելանալու: Բայց քանի որ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը, եւ, ընդհանրապես, ողջ իշխանական վերնախավը օր ու գիշեր մտածում է ժողովրդի մասին, ապրում ու տառապում ժողովրդի հոգսերով, կառավարությունը որոշել է մեծահոգի գտնվել ու նպաստը 800 դրամի փոխարեն բարձրացնել միանգամից 1000 դրամով: «Փաստորեն՝ 105 հազար ընտանիքի այդ ծախսը պետությունն իր վրա է վերցնում»,- վերջում հպարտ-հպարտ ազդարարեց Աբրահամյանը:
Իսկապես, կառավարությունն աննախադեպ շռայլ ու մեծահոգի է գտնվել քաղաքացիների հանդեպ: Ու այսուհետ` ժողովուրդը ոչ միայն պետք է անսահման շնորհակալ լինի Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Արտեմ Ասատրյանին, այլեւ` մնացած 200 դրամով ամիսն առնվազն երկու անգամ եկեղեցի մտնի ու հայրենի պաշտոնյաների համար մոմ վառի: Չէ՞ որ կառավարությունը կարող էր եւ չօգնել` թողնելով մարդկանց բախտի քմահաճույքին, ցավի ու տառապանքի մեջ:
Բայց քանի որ ՀՀ իշխանություններն ամենահումանիստն են ու ամենաբարին, աղքատ ընտանիքներին այսուհետ 29 հազար 350 դրամի փոխարեն կվճարեն 30 հազար 350 դրամ նպաստ: Ափսոս, որ աղքատների երջանկությունը կտեւի 5 ամիս. կառավարությունն այդ գումարը հատկացնելու է օգոստոսից-դեկտեմբեր ամիսներին, իսկ թե ինչ է լինելու դրանից հետո, անհայտ է:
Հիմա` ավելի լուրջ: Ըստ ՀԷՑ-երի պաշտոնական կայքի՝ ընկերությունը սպասարկում է 935 հազար սպառողի: Եթե նկատի ունենանք, որ նրանցից 105 հազարն աղքատ է եւ կառավարությունից մի ամբողջ 1000 դրամ օգնություն է ստանում, ապա ո±վ է հոգալու մյուս՝ 830 հազար ընտանիքի հոգսը:
Նշենք նաեւ, որ ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ բնակչության 32.5 տոկոսը համարվում է աղքատ: Կառավարության «աջակցությունը վայելող» 105 հազար ընտանիքը կազմում է ՀԷՑ-երի սպառողների ընդամենը 11.2 տոկոսը: Այսինքն` աղքատների մյուս՝ 21 տոկոսը, որը դուրս է մնացել պետության «մեծահոգությունից», ստիպված է ինքն իր «գլխի ճարը տեսնել»:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. տնտեսագետ պետք չէ լինել` հասկանալու, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումն իր հետ բերելու է գնաճի նոր ալիք: Այսինքն` միանգամից կթանկանան գրեթե բոլոր ապրանքատեսակներն ու ծառայությունները: Նախորդ տարի, երբ գազի սակագնի բարձրացման հետեւանքով թանկացավ նաեւ էլեկտրաէներգիան, Հայաստանում պաշտոնապես գրանցվեց 5-6 տոկոս գնաճ:
ԱՎԾ տվյալներով՝ օգոստոսին գնաճը կազմել էր 5.9, նոյեմբերին` 6.9, իսկ արդեն դեկտեմբերին` 8.1 տոկոս: Հիմա նույնը սպասվում է նաեւ այս տարի, ընդ որում՝ մասնագետների կանխատեսմամբ, գնաճը լինելու է ավելի բարձր: Անկախ կառավարության այսօրվա որոշումից, այդ գնաճն ազդելու է նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների վրա: Այլ կերպ ասած՝ կառավարության տված 1000 դրամը կդառնա առոչինչ:
Բայց դա ամենեւին էլ չի խանգարում, որ նպաստն ընդամենը 1000 դրամ ավելացնելով, իշխանությունները փորձեն տպավորություն ստեղծել, թե մտածում են քաղաքացիների մասին, նույնիսկ` օգնություն ցուցաբերում:
Մինչդեռ, իշխանությունները շատ ավելի ճիշտ կվարվեին, եթե, պարզապես, չբարձրացնեին էլեկտրաէներգիայի սակագները` հանուն ռուսական «ՌԱՕԵՍ ԻՆՏԵՐ» ընկերության դուստր ձեռնարկություն ՀԷՑ-երի, կամ էլեկտրաէներգիա գնեին, պարզապես, Վրաստանից, որը Հայաստանին վաճառում է 15 դրամով` մոտ երեք անգամ էժան, քան հիմա է:
Հ.Գ. Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ, մինչ կառավարությունը որոշում կկայացներ օգնել անապահով ընտանիքներին էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետեւանքները մեղմելու համար, երեկ հոսանքազրկվեց Կառավարության շենքը: Մոտ տասը րոպե անց էլեկտրամատակարարումը վերականգնված էր:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ