ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆԱԿՆԿԱԼ

Երեկ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին Միացյալ Նահանգներում արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Վաշինգտոն): «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ նշանակումը անակնկալ է եղել Տիգրան Սարգսյանի համար, քանի որ այս ժամանակահատվածում մշտապես նշվել է, որ Սերժ Սարգսյանը դեռեւս վերջնական որոշում չունի` դեսպանի պաշտոնում նրան նշանակելու հարցում: Ու դա է եղել պատճառը, որ վերջին ժամանակահատվածում Տ. Սարգսյանը շատ հուսախաբ վիճակում է եղել, անգամ փորձել է ինչ-որ միջոցառումների ժամանակ այդ հարցը հստակեցնել Ս. Սարգսյանի հետ: Ի դեպ նշենք, որ երեկ Տիգրան Սարգսյանի համար նույն անակնկալ ձեւով Ս. Սարգսյանը նրան նաեւ շնորհել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան, որը սովորաբար շնորհվում է երկար տարիներ դիվանագիտական գործունեություն ծավալելուց հետո:

 

 

ԱՆԱՐԽԻԶՄ

Կառավարության երեկվա նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե անընդունելի է համարում պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը. «Իշխանության ներկայացուցիչները եւս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները եւ ենթակա են պաշտպանության նույն ձեւով, ինչ հասարակության ցանկացած անդամ,- ասել է նա՝ հավելելով,- հանդուրժել անարխիան՝ նշանակում է վտանգել երկիրը: Ի լուր բոլորի հայտնում եմ՝ ես դա չեմ հանդուրժելու»: Աբրահամյանը չի մանրամասնել՝ արդյո՞ք ընդունելի կլիներ, եթե իշխանությունների ներկայացուցիչների վրա ոչ թե մանրադրամներ, այլ՝ խոշոր թղթադրամներ նետվեն: Միգուցե՝ հատկապես ՀՀԿ-ականների հայհոյանքների դիմաց նման շաբաշները կառավարության հաջորդ նիստում Աբրահամյանը ողջունի՞: Ինչ վերաբերում է Աբրահամյանի հայտարարությանը, թե իշխանության ներկայացուցիչները եւս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները, ապա դա իրոք այդպես է՝ անկախ նրանց մականուններից: Սակայն, իշխանությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին խոսելուց առաջ ճիշտ կլիներ, եթե վարչապետը փորձեր հասկանալ, թե ինչո՞ւ են իր թիմակիցներն արժանացել այս «պատվին»: Միգուցե նրանից է, որ իշխանությունները պարզապես անտեսում են հասարակության կարծիքը, ժուլիկի նման խաբում նրանց, եւ վերջապես՝ կոճակային մեծամասնությամբ որդեգրել «մեր դեմ խաղ չկա» սկզբունքը: Ընդ որում, այդ դեպքում Մարդու իրավունքների կոնվենցիան նույնիսկ ապստամբելու իրավունք է տալիս: Այնպես որ՝ մետաղադրամ նետելը դեռ ամենը չէ:

 

 

13-ՐԴ ՊԱՀԱՆՋ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առաջիկայում Քառյակը կրկին հանդիպելու է, սակայն օրը դեռեւս հստակեցված չէ: Այժմ Քառյակի ուշադրության կենտրոնում էլելտրաէներգիայի թանկացման հարցն է, որը կարելի է համարել Քառյակի 13-րդ պահանջը՝ ուղղված կառավարությանը:




Լրահոս