Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը երեկ հանդես եկան հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը.
Ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման եւ կազմավորման գործընթացի լիովին եւ անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին եւ այն ժամանակ դեռեւս գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավոր լինելու իրողությունը:
Արձանագրելով, որ՝ ի պատասխան Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության, Ադրբեջանը որդեգրեց էթնիկ զտումների եւ ուժային մեթոդներով հարցի լուծման քաղաքականություն, որը շարունակվում է ցայսօր.
Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը կապահովի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի անշրջելիությունը եւ Ադրբեջանի համար կհանդիսանա ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության ազդանշան.
Հաշվի առնելով, որ 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում խիստ կարեւոր ձեռքբերում է, որը հնարավոր դարձավ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջեւ ուղղակի բանակցությունների շնորհիվ.
Վերահաստատելով հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը`
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հակամարտության վերջնական կարգավորման գրավական հանդիսացող հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության եւ խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման կարեւորության մասին:
ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի հետաքննության, եւ ժողովուրդների միջեւ ատելություն սերմանող հայտարարությունների ու գործողությունների բացառման ուղղությամբ.
ՀԱՄՈԶՄՈՒՆՔ Է հայտնում, որ հայ ժողովուրդը` Հայաստանում, Արցախում եւ ի սփյուռս աշխարհի, ինչպես եւ նախկինում, կգործադրի իր ողջ ներուժը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի` ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերով երաշխավորված ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունն ապահովելու համար:
ԴԻՄՈՒՄ Է Մինսկի խմբի համանախագահներին ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցության ապահովմանը բանակցային գործընթացի բոլոր փուլերին: