ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՂԱՐԱԲԱՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը հունիսի 17-ի համարում գրել էր, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ մեծ ներդրումներ է կատարում տարբեր բիզնես ծրագրերում:

Բացի այդ, արդեն մի քանի տարի է, ինչ Ռուբեն Հայրապետյանը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարբեր համայնքներում մարզադաշտերի կառուցմամբ: Նա արդեն հասցրել է մարզադաշտեր կառուցել Շուշիում, Հադրութում եւ Ստեփանակերտում, իսկ մյուս համայնքներում մարզադաշտերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ի դեպ, նշենք, որ Ստեփանակերտում հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի ջանքերով արդեն իսկ մարզադաշտ կառուցվել էր, սակայն արցախցիների խոսքով՝ այն Ռուբեն Հայրապետյանի սրտով չի եղել եւ նա որոշել է քանդել ու նորը կառուցել:
Տեղեկացանք նաեւ, որ Ռուբեն Հայրապետյանին կարելի է տեսնել ոչ միայն Ստեփանակերտի կենտրոնում, այլ նաեւ Շուշիում: ԼՂՀ մայրաքաղաքի բնակիչները շատ լավ գիտեին Հայրապետյանի եւ նրան ուղեկցող թիկնազորի մեքենաների գոլդ համարանիշերը:
Պարզվում է՝ բացի մարզադաշտեր կառուցելուց, այս ընթացքում Ռուբեն Հայրապետյանը հասցրել է նաեւ Շուշիում սեփական շքեղ առանձնատուն կառուցել: Այն գտնվում է Շուշիի «Կանաչ եկեղեցի» կոչվող տարածքին կից: ՀՖՖ նախագահը իր առանձնատունը կառուցել է բավականին թաքնված եւ գողտրիկ մի անկյունում, որը հասարակ քաղաքացուն այդքան էլ տեսանելի չէ: «Ժողովուրդ»-ի ֆոտոխցիկը արձանագրել է նախկին պատգամավորի առանձնատուն տանող՝ առայժմ քարուքանդ ճանապարհը, որը գործարարը քանդել է առավել հարմարավետ ճանապարհ կառուցելու նպատակով: Մեր՝ այնտեղ լինելու պահին նկատեցինք, որ մի խումբ մարդիկ խողովակների մոնտաժման աշխատանքով էին զբաղված:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը 2013թ-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպից հետո ստիպված եղավ հրաժարվել պատգամավորական մանդատից եւ դրանից հետո, բացի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային առնչվող հարցերից, Երեւանում այլ գործունեություն չի ծավալում: Փաստորեն` այժմ Ռ. Հայրապետյանը տեղափոխվել է Արցախ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախ




Լրահոս