ՀԻՆԳ ՀՈԳՈՎ ՅՈԹ ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության վերջին համագումարը կարելի է առանց վարանելու համարել տարվա քաղաքական զավեշտը: «Ժառանգության» անդամներն սկսել են միմյանց դեմ պայքարել, այն էլ՝ հրապարակային դաշտում` քննադատելով ու հակասելով միմյանց: Իսկ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես հայտնվել է դիտորդի կարգավիճակում. կուսակցության ներսում նրա գործունեությունը հատկապես վերջին շրջանում սկսվում եւ ավարտվում է մարդկանց ժպտալով, ձեռքով բարեւ տալով, իսկ հրապարակային միջոցառումներին իր հայտնի շարֆը կապած՝ երկարաշունչ ճառեր արտասանելով: Մինչեւ հիմա Ստեփան Սաֆարյանը, լինելով «Ժառանգության» վարչության անդամ, ակտիվորեն քննադատում էր Քառյակի գործունեությունը, եւ սա այն դեպքում, երբ իրենց կուսակցությունը եւս Քառյակի անդամ է: Համագումարի ժամանակ նա հայտարարել է կուսակցության վարչությունից դուրս գալու մասին: Ճիշտ է, իր քայլը նա ձեւակերպել է «զբաղվածության պատճառով մի փոքր դադար վերցնելու» ցանկությամբ, սակայն ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում նա հավանական է համարել «Ժառանգություն»-ն ընդհանրապես լքելը: Քառյակի հասցեին քննադատություններին է միացել վերջերս ԱՄՆ-ից ժամանած Զարուհի Փոստանջյանը: Վերջինս էլ հայտարարել է, թե Քառյակի ներկայացրած 12 կետանոց պահանջները որեւէ կապ չունեն հայ ժողովրդի ներկայիս օրակարգի հետ: «Դա այսօր հայ ժողովրդի առջեւ դրված քաղաքական օրակարգը չի սպասարկում»,- ասել է Փոստանջյանը: Չնայած, հիշեցնենք, որ Քառյակի պահանջների թվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի իսպառ վերացումը, արագաչափերի, տեսախցիկների հարցը՝ մասնավորապես ահռելի տուգանքները, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անթույլատրելիությունը. ասել է թե` խնդիրներ, որոնք այսօր մտահոգում են ժողովրդին: Փոխարենը, Քառյակի համագործակցությունն արդարացրել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ով անձամբ է մասնակցում չորս ուժերի նիստերին: Նա նաեւ նշել է. «Երբ «Ժառանգության» վարչության անդամները տարբեր կարծիքներ են հայտնում իշխանափոխության վերաբերյալ, պետք է ասեմ, որ դա թուլացնում է խմբակցության կեցվածքը: Վստահ եմ, որ վարչությունն ապագայում կհստակեցնի իր գիծը, միայն այդ դեպքում կարող ենք իրականացնել համակարգային իշխանափոխություն, իսկ եթե չկարողանանք, պետք չէ մեղադրել իշխանությանը»: Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւս բազմիցս համախմբման ու համագործակցության կոչ է արել քաղաքական ուժերին, ողջունել Քառյակի համագործակցությունը, նաեւ՝ անձամբ մասնակցել Քառյակի շրջանակներում Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի, Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպմանը: Իսկ այսօր նա որեւէ քայլ չի անում կուսակցության ներսում տիրող մթնոլորտը որեւէ կերպ հանգուցալուծելու: Արդյունքում՝ «Ժառանգության» ներսում հինգ հոգով յոթ երգ են երգում: ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս