ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կան ընտրական իրավունքի բարելավմանն ուղղված այլ առաջարկներ, որոնք ամրագրված են ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցում, մեր տեղական հ/կ-ների զեկույցներում, եւ բնավ չկա դրա անհրաժեշտությունը, որ բոլոր առաջարկները դարձվեն այս ծրագրի մաս»:

Տիգրան Մուկուչյան 1in.am

Հայաստանի գլխավոր ընտրակեղծարարներից եւ թիվ առաջին նկարողներից մեկի համար, ով, բնականաբար, զբաղեցնում է ԿԸՀ նախագահի պաշտոնը, իհարկե չի կարող լինել անհրաժեշտություն, որ ընտրական իրավունքի բարելավմանն ուղղված բոլոր առաջարկները քննարկվեն: Քննարկելու են, բարելավեն, որ ի՞նչ անեն, բա հետո էլ ինչպե՞ս պետք է կազմակերպվեն ընտրակեղծիքները, չէ՞ որ յուրաքանչյուր բարելավում կդժվարեցնի Մուկուչյանի աշխատանքը: Եվ ինչ պարտադիր է, որ հկ-ների ներկայացուցիչների առաջարկությունները ներառվեն ծրագրում: Մուկուչյանը գերազանց գիտի՝ ինչը պետք է ներառել, ինչը «մաքուրով» ջնջել, որ չխանգարի ընտրակեղծիքներին:

 

«Հայ ժողովրդի իշխանությունն իրեն պետք է պահի որպես հայ ժողովրդի իշխանություն, ոչ թե որպես Պուտինի դրածո: Հայաստանն այսօր ձգտում է դառնալ ռուս-թուրքական նոր դաշինքի ճորտը»:

Պարույր Հայրիկյան «Առավոտ»

«Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ մեղրի մասին» ասացվածքը կարծես թե ԱԻՄ առաջնորդի մասին է, ում ելույթների, խոսակցությունների թեմաները Ռուսաստանից, ռուսական ԿԳԲ-ից, Վլադիմիր Պուտինից եւ Ռուսաստանի ճորտը լինելու մտքից այն կողմ չեն անցնում: Եվ ճորտության դեմ պայքարող այս գործիչը, ով իրեն անկախության խորհրդանիշ է համարում, հանուն Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության անցկացվող իր փոքրիկ հանրահավաքներն անց է կացնում Եվրամիության դրոշի ներքո: Երեւի անկախության գաղափարը դրոշների գույնով պայմանավորելն է պատճառը, որ Հայրիկյանի համակիրների թիվը գնալով նվազում է:

 

«Դա խելամիտ աշխատավարձ է եւ այսօր պետք է բարձրացվի: Իմ աշխատավարձը, որ շրջանառվում է մամուլում, ոչ մեկին չի վերաբերվում»:

Եվգենի Բիբին 168.am

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը նկատի ունի իր ընկերության աշխատակիցների աշխատավարձի չափը, որը կազմում է մոտ 200 հազար ՀՀ դրամ, եւ որը ՀԷՑ-ի ղեկավարությունն իբր թե ցանկանում է բարձրացնել՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հաշվին: Մի կողմից լավ է, որ ՀԷՑ-ի՝ 40 միլիոն դրամ աշխատավարձ ստացող ղեկավարն այդքան հոգատար է եւ մտածում է իր աշխատողների բարեկեցության մասին, սակայն վատ է, որ իր հոգատարությունը դրսեւորում է ժողովրդի գրպանի հաշվին: Դրա փոխարեն Բիբինն, օրինակ, կարող էր իր 40 մլն դրամ աշխատավարձը կրճատել 10 անգամ, իսկ իր աշխատավարձի մնացած 90 տոկոսն ավելացներ աշխատողների աշխատավարձերին:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս