Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻ «ՀԱՄԵՍՏ» ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այս անգամ «Ժողովուրդ»-ն անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, թե ինչ կարողություն ունի նա: Նշենք, որ նա իր պաշտոնը զբաղեցնում է 2013թ. հոկտեմբերի 1-ից: Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի` նա 2013թ. սկզբում ունեցել է երեք բնակարան եւ մեկ ավտոտնակ: Սակայն հարկային տարվա վերջում մնացել է այդ բնակարաններից միայն մեկը, որն արժեցել է 22 մլն դրամ: Մյուս երկու բնակարանները` 48 մլն եւ 34 մլն դրամ արժողությամբ, հարկային տարվա վերջում օտարվել են: Ավտոնտակը հարկային տարվա վերջում նույնպես չի եղել:
Նրա դրամական միջոցները տարվա սկզբի համեմատ կտրուկ աճ են արձանագրել: Տարվա սկզբում նա ունեցել է 23 մլն դրամ, որը դարձել է 80 մլն: Մեկ տարվա ընթացքում նա կարողացել է 89 մլն դրամ վաստակել:
ԿԱՐԿՈՒՏ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
Հունիսի 30-ի երեկոյան ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում: 13 համայնք կրել է էական վնաս: Հիմնականում վնասվել են հացահատիկային կուլտուրաները` մոտ 1500 հա: Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով ստեղծվել է վնասի չափերն ուսումնասիրող հանձնաժողով՝ նախագահությամբ Շիրակի մարզի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանի: Խումբը վաղ առավոտից ակնադիտական ուսումնասիրություններ է անցկացնում տուժած համայնքներում: Նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ հացահատիկային ցանքատարածությունները որոշ համայնքներում մինչեւ 100 տոկոսի հասնող վնաս են կրել: Հայրենյաց, Հայկասար, Մարալիկ, Իսահակյան համայնքներում գրեթե ամբողջությամբ կարկուտը ոչնչացրել է նաեւ տնամերձերում ցանված բանջարաբոստանային կուլտուրաները: Իսահակյան համայնքում նաեւ պտղատու ծառերի բերքն է լուրջ վնաս կրել: