ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՌՎԱՐԱՐ ԿԱՆԱՅՔ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 6-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը եւ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մեկնելու են Մեծ Բրիտանիա, որտեղից ՀՀ խորհրդարանը հրավեր է ստացել ու հիմա այս գործուղումը կռիվ է գցել ՀՀԿ կանանց մեջ: «Ժողովուրդ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀԿ տիկնանցից ամեն մեկն ասում է, որ ինքն ավելի արժանի էր Լոնդոն մեկնելու, քան մյուսները: Մեր տեղեկություններով՝ նախապես որոշված է եղել, որ Լոնդոն կմեկնի նաեւ Նաիրա Կարապետյանը, սակայն նրա անունը վերջին պահին ջնջել են ցուցակից, ու հիմա նա ամեն կերպ փորձում է պարզել, թե ով է «փորել» իր ոտքի տակ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Կարինե Աճեմյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Ն. Կարապետյանի հետ, սակայն մեր հարցերը մնացին անպատասխան: Նշվում է նաեւ, որ ՀՀԿ 3 կանայք, ովքեր մեկնելու են Լոնդոն, անգլերենին չեն տիրապետում, ինչը եւս ՀՀԿ-ում դարձել է քննարկման առարկա:

ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՌԱՋ ԸՆԿԱՎ

Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գրանցված աննախադեպ փոթորիկի հետեւանքով փլված տների ու փշրված կտուրների հարցը մինչ կքննարկվի այսօր` ՀՀ կառավարության նիստի ընթացքում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «գործի անցավ»: Նա երեկ կեսօրին Վարդենիս էր ուղարկել տանիքների համար նախատեսված «շիֆեր»` 15 բեռնատար ավտոմեքենայով: Տանիքի շինանյութը Վարդենիս էր տարել ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը` նկարահանող խմբի հետ միասին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բնակիչների մի մասը, սակայն, հրաժարվել է Ծառուկյանի օգնությունից: Բանն այն է, որ Հրանտ Մադաթյանը բնակիչներին ասել է, թե տանիքի նորոգման նյութերը կստանան պայմանով, եթե տեսախցիկի առաջ ասեն, որ բացի Ծառուկյանից իրենց որեւէ մեկը չի օգնում: Այս պայմանը դուր չի եկել շատ վարդենիսցիների: Նրանց մի մասը սպասում է, որ այսօր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կողմից խոստացված թիթեղները տեղ կհասնեն: Բացի այդ, երեկվանից բնակիչների կոտրված պատուհանները սկսել են փոխել` դարձյալ մարզպետարանի ջանքերով:

ԵԱՀԿ-Ն ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ

Երեկ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:




Լրահոս