ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԱՐԴ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսպանացի Ռաֆայել Նադալը, ով Ուիմբլդոնի չորրորդ շրջանում պարտվել է 19-ամյա ավստրալացի Նիկ Կիրգիոսին, մեկնաբանել է անգլիական դաշտերում իր ցուցադրած խաղը։
«Գոհ եմ Ուիմբլդոնում ունեցած իմ ելույթից։ Վնասվածքիս պատճառով խոտածածկն ինձ համար վտանգավոր է, բացի այդ, ինձ բավականին բարդ վիճակահանություն էր բաժին ընկել։ Օրինակ՝ այսօր իմ մրցակիցը որոշել էր շատ ուժեղ մատուցումներ կատարել եւ խորքից շատ ագրեսիվ գործել։Այս տարի ծունկս թույլ տվեց պայքարել խոտածածկի վրա եւ կարծում եմ՝ դա ինձ մոտ հաջող ստացվեց։ Այսօր չկարողացա հաղթել, բայց սա սպորտ է։ Ամբողջ խաղի ընթացքում չկարողացա կարդալ Կիրգիոսի մատուցումը, այդ պատճառով նրա սկզբնահարվածներին լավ չէի պատասխանում։ Թայ-բրեյքում Կիգիոսը լավ էր մատուցում, ինչն առավելություն տվեց նրան»։

ՈՒԺԵՂ ՀԱՎԱՔԱԿԱՆ

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենն իր կարծիքն է արտահայտել Կոստա Ռիկայի ընտրանու դեմ ապագայում կայանալիք մրցավեճի մասին. «Կոստա Ռիկայի հավաքականը շատ ուժեղ ընտրանի է, այլապես նա չէր մասնակցի 1/4-րդ եզրափակչին: Նրանք առաջին հորիզոնականն են զբաղեցրել «մահվան խմբում»: Իսկ ապա, Կոստա Ռիկայի ընտրանին տուն է ուղարկել Հունաստանի հավաքականին: Հոլանդիայի հավաքականը ցանկանում է դառնալ աշխարհի չեմպիոն եւ պատմություն կերտել: Դրա համար մենք պետք է լուրջ տրամադրվենք, սխալներ թույլ չտանք եւ հարգենք մեր մրցակիցներին»-, նշել է Ռոբենը:

ՄԵՍՍԻՆ ՄԻԱՅՆԱԿ Է

Արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան նշել է, որ Արգենտինայի հավաքականը դեռ չի ցուցադրել իր ողջ ներուժը. «Չեմ կարծում, թե մենք, ընդհանրապես, սկսել ենք խաղալ: Թիմը չի կարողանում վերահսկել խաղի տեմպը: Ես զայրանում եմ, ափսոսում: Արգենտինայի ընտրանին պետք է ավելի լավ թիմային խաղ ցուցադրի: Լիոնել Մեսսին միայնակ է: Կիսապաշտպանները շատ են տատանվում եւ պատասխանատվություն իրենց վրա չեն վերցնում: Արգենտինան խաղում է հնարավորությունների 40%-ով: Եթե մենք չարթնանանք Բելգիայի ընտրանու դեմ հանդիպմանը, կարող ենք անհաջողության մատնվել»:




Լրահոս