ՀԱՐՑ. Ես ուզում եմ տեղեկանալ՝ հողի հարկի մասով ինչպիսի՞ արտոնություններ են գործում:
Սահակ Գալստյան (58 տարեկան, շինարար)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի` ֆիզիկական անձանց մասով հողի հարկից ազատվում են`
1) հողի այն սեփականատերերը, մշտական եւ ժամանակավոր օգտագործողները, որոնց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի ժամկետով եկամտահարկից ազատվելու պայմանով տրամադրվել են հողեր` այդ ժամկետի ընթացքում.
2) նոր հիմնված եւ երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչեւ տնկարկների լրիվ պտղաբերությունը` դրանց տարածքը 0,1 հեկտար եւ ավելի լինելու դեպքում.
3) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում` համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք` այդ հողամասերի համար.
4) հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եկամտահարկի վճարումից ազատված քաղաքացիները` սեփականության իրավունքով իրենց պատկանող հողերի համար:
5) ՀՀ կառավարության սահմանած կարգով համայնքի ավագանին կարող է սահմանել հողի հարկի գծով արտոնություններ:
6) ՀՀ սահմանամերձ բնակավայրերի՝ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքների համար, հողի հարկ վճարողներն ազատվում են 1994թ. եւ հետագա տարիների համար հաշվարկված հողի հարկից եւ սահմանված ժամկետներում չվճարելու հետեւանքով հաշվարկված տույժերից:
7) Սահամանամերձ համայնքների հողօգտագործողների հողի հարկը (մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքների համար) 2013 թվականից ամբողջությամբ վճարում է պետությունը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճիշտ է, պատասխանում նշված են որոշ կատեգորիաներ, որոնց առկայության դեպքում քաղաքացիներն ամբողջովին կամ մասամբ ազատվում են հողի հարկ մուծելու պարտավորությունից, բայց շատ են հանդիպում դեպքեր, երբ ճիշտ հակառակ պատկերն է ստեղծվում:
ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը օտարերկրյա պետությունների հետ որոշակի կրթական ծրագրեր է իրականացնում: Հետաքրքիր է իմանալ, թե կոնկրետ ի՞նչ ծրագրերի է մասին է խոսքը:
Անի Հայրապետյան (25 տարեկան, ուսանողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հայրապետյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ շուրջ 30 տարբեր երկրների հետ գոյություն ունեն կրթությանն ու գիտությանն առնչվող մի շարք միջպետական համաձայնագրեր, պայմանագրեր եւ գործնական ծրագրեր, որոնց շրջանակներում Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը կատարում է կրթաթոշակների տրամադրում:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշուշտ գովելի է, որ գործում են նման ծրագրեր, որոնք ուսանողներին քիչ թե շատ հնարավորություն են տալիս օտգվել կրթաթոշակների տրամադրումից: Բայց չմոռանանք ուսանողների թվի` տարեցտարի նվազելու մասին, որի պատճառներից մեկն էլ վարձավճարների թանկացումն է: Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններ 2012-2013 ուսումնական տարում հաճախել են 368.708 սովորողներ, իսկ արդեն 2013-2014ին` սովորողների թվաքանակը նվազել է 3.2%-ով: