Իր մեկամյա գործունեության ընթացքում Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը մշտապես հաղորդակից է եղել քաղաքի խնդիրներին և ուշադրության կենտրոնում պահել դրանք: Դրա վառ ապացույցն են քաղաքացիների ու խմբակցության փոխադարձ վստահությունն ու անխափան կապը, խմբակցության ու Երևանի քաղաքապետարանի հետ որոշ հարցերում արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում լուծում են ստացել երևանցիների մի շարք խնդիրներ:
1 տարվա ընթացքում «Բարև Երևան»-ի ավագանիներն ստացել են 96 նամակ, որոնցում բարձրացված խնդիրներից շուրջ 30-ը խմբակցության անդամների համառ ու նվիրված աշխատանքի շնորհիվ լուծվել են: Խնդիրները վերաբերել են ամենատարբեր ոլորտներին՝ մանկապարտեզներից ու դպրոցներից սկսած՝ մինչև հաշմանդամներ, ասֆալտապատում, բնապահպանություն, մարդու իրավունքների խախտում, տրանսպորտի սակագնի բարձրացում և այլն:
Հիշեցնեմ նաև մեր ակտիվ մասնակցությունը տրանսպորտի թանկացման դեմ շարժմանն ու այն բոլոր հայցադիմումների մասին, որոնցով ՀՀ դատարանների բոլոր ատյաններում փորձեցինք վիճարկել տրանսպորտի սակագնի փոփոխության մասին քաղաքապետի հայտնի ապօրինի որոշումը: Այնուամենայնիվ արձանագրենք, որ հայցադիմումում ներկայացված բոլոր իրավական դիրքորոշումները քիչ անց օրենսդրական փոփոխությունների տեսքով ընդունվեցին ԱԺ-ում՝ սակագնի որոշման իրավունքը վերապահելով ավագանուն: Ցանկացած հարց քննարկելիս մեր կողմից ապահովվում է «Երևանի մասին» օրենքով ավագանուն պարտադրված բազմակարծությունը, որի անհրաժեշտությունը, ցավոք, դեռևս չի գիտակցում իշխող մեծամասնությունը:
Երևանի 2014թ. զարգացման ծրագրում և բյուջեում խմբակցության առաջարկով տեղ գտան տարբեր ոլորտներին վերաբերվող բազմաթիվ առաջարկներ, որոնց մեջ ընդգծված տեղ էին զբաղեցնում Երևանի քաղաքապետարանի գործունեությունն առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելու ուղղությամբ արվածները: Դրանցից մի քանիսն արդեն իրականացվել են: Մասնավորապես, ընթացքի մեջ է և շուտով կայքում կտեղադրվեն դպրոցների հաստիքացուցակների, ֆինանսական ելքերի ու մուտքերի վերաբերյալ փաստաթղթերը և դպրոցներին վերաբերվող այլ տեղեկություններ: ՀՀ պետական դրոշների տեղակայման և փոփոխության մասին անընդհատ բարձրացվող հարցի հրապարակայնությունն ապահովելու նպատակով քաղաքապետարանի կայքում արդեն գործում է maps.yerevan.am էջը, որտեղից հետաքրքրվող երևանցին կարող է իրեն հուզող հասցեի դրոշի տեղը գտնել և անհրաժեշտության դեպքում ահազանգել դրոշի վիճակի մասին: Խմբակցության առաջարկով ավագանու էջում արդեն գործում է քաղաքացիների առաջարկները և հուզող հարցերը ավագանու անդամներին, խմբակցություններին և հանձնաժողովներին էլեկտրոնային նամակով ուղղելու հնարավորությունը:
Այնուամենայնիվ, Երևանի 2015 թ. բյուջեում Դրոշների մասով նախատեսված գումարները նվազեցնելու ուղղությամբ «Բարև Երևան»-ի անդամները շարունակելու են իրենց պնդումները՝ համապատասխան հիմնավորումներով: Դեռևս չի հաջողվում ապահովել Երևանի ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը, որին Քաղաքապետը, կարծես դեմ չէ, սակայն այս ուղղությամբ գործնական քայլեր դեռ չեն երևում: Խմբակցության բոլոր անդամները ընդգրկված են Ավագանու համապատասխան 4 և քաղաքապետարանի աշխատակազմում տարբեր նպատակներով ձևավորված հանձնաժողովներում: Անցած 1 տարում խմբակցությունն Ավագանու նիստերին ներկայացրել է մոտավորապես 8 որոշումների նախագծերի առաջարկություն:
Տարբեր նախագծերի հետ կապված «Բարև Երևան»-ը հնարավորինս համագործակցել է Ավագանու ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունների հետ:
Երևանցիների նամակների հետքերով խմբակցության անդամների նախաձեռնությամբ տեղի են ունեցել Երևանի քաղաքապետի, փոխքաղաքապետերի և տարբեր պաշտոնյաների հետ քննարկումներ՝ մայրաքաղաքի տրանսպորտի, կանաչապատման, փողոցների վիճակի վերաբերյալ: «Բարև Երևան»-ի անդամները հետամուտ են եղել նաև քաղաքի մի շարք բնապահպանական և այգիները բնակիչներին վերադարձնելու խնդիրների լուծմանը, օրինակ Էրեբունի վարչական շրջանի բնակիչների կողմից բարձրացված Ազատամարտիկների այգու սեփականաշնորհված 1000ք.մ. տարածքը բնակիչներին վերադարձնելու խնդիրը, որի վերաբերյալ խմբակցության կողմից Քաղաքապետին ուղղված մի շարք հարցումների արդյունքում Քաղաքապետը գտավ լուծումը և այգին վերադարձվեց բնակչությանը:
Խմբակցության առաջարկով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Յուրի Բախշյանի անվան այգու նորոգումը, ինչպես նաև Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիային ավելի նպաստավոր տարածք տրամադրելու և նորոգելու հարցը ընդգրկվեց 2014թ. ծրագրում և հաջողությամբ իրականացվեց:
Խմբակցության հետևողական աշխատանքի շնորհիվ ընթացքի մեջ է Հայաստանի խորհրդայնացման 50-ամյակի կոթողի տարածքում Բռնադատվածների հուշահամալիրի գրանցման աշխատանքը կադաստրում, որը 2008թ. Երևանի քաղաքապետի որոշմամբ հայտարարվել է, սակայն մինչ օրս չի ամրագրվել, որի մասին խմբակցությունը ստացել է մի քանի տասնյակ բռնադատված ընտանիքների անդամների ստորագրություններով դիմում: Խմբակցության ահազանգերի արդյունքում քաղաքի մի շարք վայրերում գունազրկված և պատառոտված դրոշները փոխարինվեցին նորերով:
Մանանդյան 9 հասցեում գտնվող ապօրինի կառույցը քանդելու վերաբերյալ քաղաքացու բազմաթիվ դիմումները 9 տարի շարունակ մատնվել էին անուշադրության: Խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանին երկար գրագրություններից հետո մայիսի 7-ին քաղաքապետի որոշման արդյունքում հաջողվեց քանդել անօրեն կառույցը և ապահովել քաղաքացու բնակարանի բնական լուսավորությունը: Նման մի քանի ապօրինի հողազավթում և կառույց է բացահայտել խմբակցությունը: ՀՀ քաղաքացի Գևորգ Կալաջյանը, ով 34 տարեկան է, ապրում էր Երևանում առանց անձնագրի և կացարանի: Նրա ընտանիքը սոցիալապես ծայրահեղ անապահով վիճակում է, իսկ երիտասարդը առողջական խնդիրներ և վիրահատության կարիք ուներ: Խմբակցության և քաղաքապետարանի սոցիալական բաժնի համագործակցության արդյունքում վերջապես հաջողվեց լուծել նրա անձնագրի հարցը և վիրահատությունն իրականացնել պետպատվերի շրջանակներում: Մաշտոցի պողոտայի վրա գործող «Կամելոտ» ռեստորանից գիշերային ժամերին լսվող աղմուկը երկար ժամանակ խանգարել է բնակիչների հանգիստը, սակայն ոչ ոք ականջալուր չի եղել նրանց բողոքներին: «Բարև Երևան»-ին հաջողվեց քաղաքապետարանի միջոցով պարտադրել ռեստորանի սեփականատիրոջը՝ իրականացնել ձայնամեկուսացման աշխատանքներ, իսկ աղմուկի շարունակականության դեպքում արգելել ռեստորանին ծավալել շուրջօրյա գործունեություն:
Ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Ա.Բախշյանին հաջողվել է պետությանը վերադարձնել Երևանի թիվ 27 և 70 դպրոցների տնօրենների՝ պետբյուջեից ապօրինի յուրացրած գումարները, և արդյունքում նրանք ազատվեցին աշխատանքից, իսկ թիվ 27 դպրոցի տնօրենը նաև դատապարտվեց: Երևանի թիվ 1 մանկապարտեզի շենքը 4 տարի շարունակ փակ էր պայմանների «անմխիթար լինելու պատճառով»: «Բարև Երևան»–ին հաջողվեց դրա վերանորոգման ծախսերն ընդգրկել Երևանի 2014թ. բյուջեում, և Քաղաքապետը խոստացել է, որ թ.1 մանկապարտեզում սեպտեմբերին արդեն կգործի 3 խումբ: Մանկապարտեզներից զատ խմբակցությունը, Քաղաքապետի հանձնարարականի հետ զուգահեռ, հետաքրքրվել է նաև դրանց սնունդ մատակարարող ընկերություններով ու նրանց մատուցած ծառայությունների որակով, որի արդյունքում քաղաքապետարանի վերահսկողության սևեռուն ստուգումների արդյունքում որոշ մատակարարների հետ խզվել են պայմանագրեր: Խմբակցությունը զբաղվել է նաև հաշմանդամների հիմնախնդիրներով, բարձրացրել նրանց համար կառուցվող թեքահարթակների և անվճար ավտոկայանատեղիների հարցը, որոնց դրական ընթացքի մասին խոսում են իրենք՝ հաշմանդամների խնդիրներով զբաղվող հ/կ-ները:
Խմբակցության առաջարկով 2014թ. բյուջեով նախատեսվել է կարգի բերել ու ասֆալտապատել Երևանի Մադոյան փողոցը, որտեղ գտնվում է «Արմեն Կարպետ» գորգագործական ընկերությունը, որն իր հարուստ հնամենի գորգերի ցուցահանդեսով դառնալու է զբոսաշրջիկների այցելության վայր: Իսկ փողոցն անմխիթար վիճակում է: Խմբակցության ահազանգի արդյունքում ասֆալտապատվել է Երևան Չարենցի 1-ին նրբանցքը:
Խմբակցությունը բազմիցս ահազանգել և լուսանկարել է քաղաքի տարբեր մասերում հողատերերի շինարարության նպատակով փորած ու աղբանոցի վերածված հսկայական փոսերի մասին: Քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում հաջողվեց որոշ սեփականատերերի պարտադրել մաքրել նշված փոսերը: «Բարև Երևանը» շնորհակալություն է հայտնում քաղաքի բնակիչներին փոխադարձ վստահության համար և վստահեցնում, որ երևանցիների լուծման սպասող բազմաթիվ խնդիրները նախ լսելի են իր կողմից և երկրորդ՝ հնարավորինս լուծելի Երևանի քաղաքապետարան, «Բարև Երևան» խմբակցության փոխշահավետ համագործակցության շնորհիվ և առաջնորդվում ենք այն համոզմունքով, որ այն շարունակվելու է:
Երևանի ավագանու
«Բարև Երևան» խմբակցություն