ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն Armlur.am-ի հետ զրույցում հորդորեց խուճապային տեղեկություն չտարածել, թե առաջիկայում երկրաշարժ է սպասվում ու պետք է մեկուսացված ապրել: Ըստ նախարարի՝ իրականում նման բան չկա:
-Պարո՛ն Երիցյան, խուճապային իրավիճակ է ստեղծվել հասարակության շրջանում, քանի որ անընդմեջ տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ-ում երկրաշարժ է սպասվում, հատկապես՝ Գյումրիում: Խնդրում եմ, նշեք, թե ինչքանով է համապատասխանում տեղեկությունը:
–Անհասկանալի է, թե որտեղից են հասարակության շրջանում նման տեղեկություններ տարածվում, ու ինչու են մարդիկ իրենց ֆեյսբուքյան էջերում նման տեղեկություններ հրապարակում՝ առանց իրականության մասին տեղեկանալու: Երևի մարդիկ իրար զանգահարում ու նման տեղեկություններ են հայտնում, որը, վստահեցնում եմ, անհիմն է:
Հանգի՛ստ եղեք, 5 բալանոց երկրաշարժից հետո արդեն եղել է 12 հետցնցում` 3, 2 բալ, որն էլ արդեն նշանակում է, որ ամեն ինչ նորմալ է, ու որևէ վտանգ չկա:
-Հատկապես խուճապային իրավիճակում է Գյումրին, այնտեղ ևս ցնցումներ եղել են, այժմ էլ տեղեկություններ կան, որ սպասվում են ավելի մեծ ցնցումներ: Հնարավոր է՝ նման բան լինի:
–Նման տեղեկություններն անհիմն են տարածում, չկա իրականում նման բան: Ես Գյումրիում էլ եմ արդեն մասնագետներ ուղարկել: Ամեն ինչ վերահսկողության տակ է գտնվում: Ես անձամբ եմ հետևում ընթացքին, այս պահին էլ մարզում եմ գտնվում: Խնդրում եմ՝ պետք չէ խուճապի մատնվել:
-Իսկ ի՞նչ մասնագիտական հիմնավարում կա, որ հնարավոր չէ, որ երկրաշարժ տեղի ունենա:
–Այո, մասնագետներն էլ են ասում: Ես ընդհանրապես եմ ասում, եթե լինում է ուժեղ երկրաշարժ դրանից հետո լինում են հետցնցումներ, որն էլ նշանակում է, որ երկրի կեղևը հանգստանում է: Օրվա ընթացքում երկրաշարժեր լինում են, ուղղակի քիչ բալերով է լինում. մարդիկ չեն զգում, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Իսկ այս անգամ 5 բալի է հասել, ինչի համար էլ ժողովուրդը զգացել է ցնցումները:
-Որպես ՀՀ արտակարգ իրավիճակաների նախարար՝ ի՞նչ խորհուրդ կտաք ժողովրդին, ի՞նչ պետք է անեն նման դեպքերում:
-Աշխարհի ամենավատ բանը խուճապն է: Հենց այդ խուճապի պատճառով է, որ մեկը մեկին ասում է, որ երեխային մանկապարտեզ չտանեն, դպրոց չտանեն, դա շատ սխալ է, պանիկա չպետք է լինի: Ուղղակի կարելի է դա էլ հասկանալ, քանի որ ժողովուրդը 1988 թվականի երկրաշարժն է տեսել, ու մեր մեջ վախ կա: Բայց այժմ խուճապի մատնվելու որևէ առիթ չունենք: Ես խնդրում եմ ժողովրդին հանգիստ լինել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ