ԻՆՉԵՐԻ ԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ՀԱՆՈՒՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Տիգրան Սարգսյանի դեմ ԱՄՆ Հայկական ֆորումի կողմից կազմակերպված ստորագրահավաքի հարցն օրեցօր ավելի է սրվում: Բանն այն է, որ իրականում գոյություն չունեցող այդ կազմակերպությանը զորակցություն են հայտնել նաեւ ադրբեջանցիները, որոնք հայտարարել են, թե իրենք եւս միանում են այդ նախաձեռնությանը, քանի որ Տ. Սարգսյանը զավթողական երկրի ներկայացուցիչ է, եւ որպես ապացույց՝ համացանցում տեղադրել են նախկին վարչապետի զինվորական համազգեստով լուսանկարները` նշելով, որ նա եղել է Արցախում: Այսպիսով, ինչ-որ մեկի նեղ անձնական շահով պայմանավորված այս խաղը Տիգրան Սարգսյանի դեմ, կամաց-կամաց թեքվեց մեր պետության դեմ, ազգային-պետական շահի դեմ: Թեեւ մյուս կողմից էլ պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանական վերնախավում եւս ազգային-պետական շահը գիտակցողների դեֆիցիտ կա:

Հ. Գ. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ էլեկտրոնային փոստով նամակ է ստացել, որտեղ նշված է եղել, թե շնորհակալ են, որ նախարարը եւս միացել է Տ. Սարգսյանի դեմ կազմակերպված ստորագրահավաքին: Մինչդեռ ինքը՝ Աշոտյանը, պնդում է, որ ոչնչից տեղյակ չէ: Սարքում են:

 

Կառավարության երեկվա նիստում որոշում է ընդունվել, որը գրեթե «հավասար» է 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված «Մարշալի պլանին», որով ԱՄՆ-ն օգնում էր հետպատերազմյան Եվրոպային: Այսպես. էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից հետո, կառավարությունը երեք օր շարունակ հաշվարկել ու պարզել է, որ աղքատ ընտանիքներն ամսական միջինը սպառում են 200 կվ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ հոսանքի գինը թանկանում է 3.85 դրամով, այսինքն` 38-ից դառնում է 42 դրամ: Հետեւաբար այդ ընտանիքների ուսերին ամսական 800 դրամ ֆինանսական բեռ է ավելանալու: Բայց քանի որ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը օր ու գիշեր մտածում են ժողովրդի մասին, ապրում ու տառապում ժողովրդի հոգսերով, կառավարությունը որոշել է մեծահոգի գտնվել ու նպաստը 800 դրամի փոխարեն բարձրացնել միանգամից 1000 դրամով: Իսկ մնացած 200 դրամով նպաստառու ընտանիքները երեւի ամիսն առնվազն երկու անգամ եկեղեցի մտնեն ու հայրենի պաշտոնյաների համար մոմ վառեն:

 
ԱԺ-ում օրերս ուշագրավ կադրային նշանակում է տեղի ունեցել: Խորհրդարանի ավտոպարկի տնօրեն է նշանակվել ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովիկի եղբայրը` Արմեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ Ալրաղացի Լյովիկը պատգամավորության ընթացքում պարբերաբար հայտնվում էր սկանդալային պատմությունների, ծեծկռտուքների ու նույնիսկ` սպանությունների կիզակետում: Վերջապես բանը հասավ նրան, որ Սերժ Սարգսյանն իր երբեմնի սիրելի պատգամավորին ընդհանրապես մեկուսացրեց քաղաքական դաշտից: Լեւոն Սարգսյանին չօգնեց անգամ որդու անունը, ում, ի պատիվ Սերժ Սարգսյանի, Սերժ է անվանել: Բայց այս նշանակումն ուշագրավ է նաեւ այն առումով, որ երբ Ալրաղացի Լյովիկը պատգամավոր էր, նրա օգնականը ոչ ավել, ոչ պակաս, հանրահայտ ընդդիմադիր գործիչ Արշակ Սադոյանն էր: Այնպես որ, այս ֆոնին Լյովիկի եղբայրը կարող էր ոչ թե ավտոպարկի տնօրեն նշանակվել, այլ մի ողջ «խորհրդարանի»:

 
Գաղտնիք չէ, որ մեր երկրում ՀՀ քրեակատարողական հիմնարկները գրեթե միշտ գերծանրաբեռնված են եղել, եւ, օրինակ, մահճակալների անբավարարության, տեղ չլինելու պատճառով դատապարտյալների՝ հերթով քնելը, վաղուց արդեն տարօրինակ չի թվում որեւէ մեկի համար: Թվում էր, որ խնդրի լուծման ուղղությամբ արված քայլերը չպետք է ուշանան: Հատկապես, երբ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մարտի 17-ին, լինելով նորակառույց «Արմավիր» ՔԿՀ-ում, կարծիք էր հայտնել, որ առաջին մասնաշենքի բացումը կլինի հունիս ամսին: Սակայն, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՔԿՀ-ի բացումը չի լինելու անգամ առաջիկա ամիսների ընթացքում, քանի որ աշխատանքների պլանում գրանցվել են որոշակի բացթողումներ` տեղադրված չեն անվտանգության համար կարեւոր գործոն հանդիսացող դիտաշտարակները եւ էլի ինչ-որ բաղադրիչներ: Այնպես որ, 400 դատապարտյալներ դեռ ստիպված են անմարդկային պայմաններում ապրել:

 




Լրահոս