ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այսօր ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստ է լինելու, որը վարելու է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նիստում քննարկվելու է Սեւանա լճի ներկա իրավիճակի մասին տեղեկատվություն՝ ջրի մակարդակի բարձրացման տեմպերի, ափամաքրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նշենք, որ նախկինում աշխատանքներն իրականացվել են «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով սահմանված ժամանակացույցից ավելի քան 7 տարի շուտ: Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի զեկուցմամբ, գործունեության անցած երեք տարիների ընթացքում իր առջեւ դրված խնդիրներին, նախատեսված ծրագրերին համապատասխան լուծում է տրվել:

ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ

Միացյալ հայկական հիմնադրամը, որն իր մեջ է միավորում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությանը, «Լինսի»- հիմնադրամին, Հայ կաթոլիկ Առաջնորդարանին (Հյուսիսային Ամերիկա եւ Կանադա), Հայ օգնության միությանը, Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Առաջնորդարանին, Հայաստանյաց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Առաջնորդարանին եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, հայտնվել է ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Գյուլխասյանը մայիսի 11-ին Հայաստան է ներմուծել հումանիտար բեռ, որն այդպես էլ չի հայտարարագրել եւ տուգանվել է 50.000 դրամով: Նշենք նաեւ, որ 2011թ. հիմնադրամը «Լինսից» 10.5 միլիոն դոլարի նվիրատվություն էր ստացել 1988 թվականի դեկտեմբերի աղետալի երկրաշարժի հետեւանքով ավերված վեց դպրոցների նորոգման եւ վերանորոգման համար:

ՀՈՒԼԻՍԻ ՎԵՐՋԻՆ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին երեկ խոսել է ԼՂ խնդրի կարգավորման մասին` հավանական համարելով Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: «Հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կընդունեն հնարավորինս շուտ Փարիզում գագաթաժողով անցկացնելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը եւ կհամաձայնեն կառուցվածքային բանակցությունների, որոնք կհանգեցնեն խաղաղ համաձայնության»,-ասել է Փսաքին: Սակայն հայտնի չէ՝ արդյոք հանդիպումը կկայանա՞, եւ եթե այո` ե՞րբ: «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանից ճշտել այդ հարցը, սակայն նա պատասխանեց, որ Ս.Սարգսյանի այցերի ու հանդիպումների մասին իրենք տեղեկացնում են պատշաճ կարգով եւ ժամանակին: Սակայն մեր դվանագիտական աղբյուրներն ասում են, որ լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, եւ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը հավանաբար կհանդիպեն հուլիսի վերջին:




Լրահոս