ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի հեռակա ֆակուլտետի նախկին դեկան Ֆեմիդա Դավթյանը մտադիր է մարտի 8-ի նախաշեմին Ծիծեռնակաբերդում գտնվող Եղեռնի հուշահամալիրում ինքնասպանություն գործել: Նա կալանավորվել էր 2009 թվականի մարտի 27-ին կաշառակերության մեղադրանքով: Կաշառքի գումարը 100 հազար դրամ էր, որը տվել էր մի ուսանող` ընդհանուր առմամբ 12 քննություն եւ ստուգարք ստանալու համար: Ֆեմիդան իրեն մեղավոր չի համարում, ասում է, որ այդ գումարը պիտի ծախսվեր մասնաճյուղի` Երեւանից ժամանած դասախոսների համար ճաշկերույթ կազմակերպելու համար, եւ ինքը գործել է «համակարգի ներսում»: 52-ամյա կինը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: 2011 թվականի փետրվարի 10-ից Ֆեմիդան ազատության մեջ է: Նրա նկատմամբ համաներում է կիրառվել, սակայն դեռեւս մի տարի նա պիտի ներկայանա այլընտրանքային պատիժների կիրառման ծառայության աշխատակցին ու ստորագրի համապատասխան մատյանում: Մինչ ձերբակալումը, «ՄԻԱԿ» երիտասարդական շարժման ակտիվիստներն Իջեւանում փակցրել էին իրենց համոզմամբ կաշառակեր դասախոսների եւ Իլհամ Ալիեւի լուսանկարներով պաստառներ: «Տավուշի մարզի կաշառակերները ես ու Ալիեւն էինք»,-ասում է Ֆեմիդան: Նա պատմում է այն զրկանքների մասին, որոնք կրել է անազատության մեջ: Բողոքում է, որ իրեն ձեռնաշղթաներ են հագցրել, եւ  իր 13-ամյա տղան` Դեյվիդ Դավթյանը,  հոգեբանորեն ծանր է  տարել դա: Ասում է, որ 30 տարի մատաղ սերնդին կրթել է, սակայն իր տղան 5 տարի է` դպրոց չի հաճախում. Դեյվիդը դպրոցի բակում այրել է իր բոլոր դասագրքերը: Ֆեմիդայի խոսքերով` ինքը քրեակատարողական հիմնարկում շատ ծախսեր է կատարել,  նաեւ դատի ընթացքում փաստաբանական ծախսերի եւ այլնի համար  200 հազար դոլար է ծախսել,  պարտքերի տակ հայտնվել:  Նա ցանկանում է Հայաստանից գնալ, որպեսզի արտերկրում աշխատություններ հրապարակի Ցեղասպանության եւ հայոց պատմության այլ իրադարձությունների մասին: Նրա խոսքերով` կա նկարահանված տեսանյութ, որում ներկայացվում են պաշտոնատարների կաշառակերության վերաբերյալ փաստեր: Նախկին դեկանն ասում է, որ ինքը դիմել է Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար: Նրա խոսքերով` ձերբակալելուց հետո սկզբից իրեն ցանկացել են ազգի դավաճան ներկայացնել, հետո` հուդամասոն, վերջում էլ` կաշառակեր: Կնոջ վկայությամբ` ինքը ցանկություն չունի այս երկրում ապրել, նույնիսկ եթե բարձր պաշտոններ տան: Գրաբարի մասնագետն աշխատանք չունի եւ չի կարողանում կերակրել 85-ամյա մորը` Աղունիկին, եւ 13-ամյա որդուն: Նա մտադիր է մարտի 8-ի նախաշեմին Ծիծեռնակաբերդում ինքնասպան լինել: Ֆ.Դավթյանի խոսքերով` օտարերկրյա լրագրողները գիտեն իր  այդ որոշման մասին եւ այնտեղ ներկա են լինելու:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս