Կառավարության հուլիսի 10-ի նիստում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջարկեց վերաբաշխում կատարել պետական բյուջեում: Նշված է, որ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում բարձրագույն կրթության զարգացման պահանջներից:
Աշոտյանը նշեց, որ նկատի ունենալով այն, որ ԼՂՀ ցածրադիր գոտում այգեգործական, բանջարաբոստանային և հացահատիկային մշակաբույսերի մշակման աշխատանքներն ունեն իրենց առանձնահատկությունները և հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ստեփանակերտում գործում է համալսարանի մասնաճյուղը, որը շուտով կտեղափոխվի Շուշիում կառուցվող համալիր, նախարարությունը ուսումնաարտադրական բազայի հիմնումը համարում է խիստ անհրաժեշտ և արդիական:
Ըստ խոշորացված նախահաշվի շուրջ 50 ուսանողի միաժամանակյա ընդունման համար նախատեսված բազայի հիմնումը համաֆինանսավորելու համար անհրաժեշտ է 40 մլն. դրամ: