Արդեն տեղեկացրել ենք, որ «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն ու կուսակցության անդամ, Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը դատական հայց են ներկայացնելու «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի դեմ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ շուտով կհրապարակեն իրենց հետագա քայլերը:
Նախ նշենք, որ «Ժառանգության» անդամները հեռարձակողից եւ կազմակերպչից պահանջելու են խաղի` հայերենով հեռարձակում, իսկ պահանջը չկատարելու դեպքում՝ հեռարձակման դադարեցում: Երեկ Ս. Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք իրենց չի «կանգնեցնելու» այն փաստը, որ իրենց նախկին կուսակից ընկեր, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը եւս մասնակցում է այդ հեռուստախաղին:
«Դա նշանակություն չունի, դա որեւէ կերպ չի կարող խոչընդոտել: Անկեղծ ասած՝ իր հետ անձամբ շփում չունեմ, բայց կարծում եմ, որ Խաչատրյանն ինքը եւս գիտակցում է, որ խաղը հեռարձակվում է օրենքի խախտմամբ: Մենք դրա մասին նոր չէ, որ խոսում ենք, 2011 թվականից այդ խաղի մասին մենք բարձրաձայնել ենք՝ ես, Անահիտը Բախշյան, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը: Բայց երբ հասկացանք, որ մեր ասածները տեղ չեն հասնում, եւ իրենք շարունակում են անխռով խախտել օրենքը, արդեն դիմեցինք այս քայլին: Ու արդեն տեսնում ենք, որ ամեն մեկն իր տեսակետից նպաստել է, որ Պուտինը ՀՀ-ն դիտարկի իր գավառը՝ մեկն իր մակարդակում թույլ է տալիս, որ ռուսական գիմնազիա բացվի, մեկը թույլ է տալիս, որ ռուսական ծրագրերը մտնեն հայկական բիզնես, մեկը թույլ է տալիս, որ օրենքի խախտումով ռուսերենով ինտելեկտի բեմականացում կազմակերպվի… ու այսպես շարունակ տեսնում ենք, որ դա իրականացվում է՝ ի վնաս հայոց լեզվի»,-հայտարարեց Ս. Սաֆարյանը:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ այս ընթացքում իրենց են միացել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք եւս ցանկանում են դատի տալ օրենքը խախտող հեռուստանախագիծը: «Մոտ ժամանակներս շատ հանդիսավոր պայմաններում կներկայացնենք հայցադիմումը»,-խոստացավ Սաֆարյանը:
Այս կապակցությամբ հաղորդման վարող Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի լրագրողներ եւ լրատվամիջոցներ, թեեւ շատերդ իմ ընկերներն եք, բայց խնդրում եմ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի շուրջ վերջին զարգացումների մասին ինձ ոչ մի հարց չուղղել: Չեմ պատասխանելու, որովհետեւ չեմ ցանկանում բանավիճել մի ուժի հետ, որի յուրաքանչյուր պայքար ավարտվում է աղոթքով»:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ