Կարեն Անդրեասյանը պահանջում է վերականգնել Մաշտոցի պուրակում խաղաղ ցուցարարների մեկ վրան ունենալու իրավունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Կարեն Անդրեասյանը Մաշտոցի իրադարձությունների հետ կապված հաղորդագրություն է տարածել, որում ասվում է` “Մեր աշխատակազմի արագ արձագանքման ծառայության իրավապաշտպանները վերջին օրերին մի քանի անգամ այցելել են Մաշտոցի պուրակ՝ վրանի տեղադրման համար ոստիկանության որոշ աշխատակիցների կողմից ստեղծված ոչ իրավաչափ խոչընդոտները վերացնելու նպատակով: Մեր իրավապաշտպանների բազմակի միջամտության արդյունքում տեղադրվել է մեկ վրան, որը մարտի 14-ի ուշ երեկոյան ոստիկանների կողմից ապամոնտաժվել է: Դեռևս 2011 թվականի մարտին Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ընթացքում անհրաժեշտ վրանի տեղադրման վերաբերյալ հանդես եմ եկել հայտարարությամբ: Այդ հայտարարության հիմնական իրավական դիրքորոշումները վերաբերելի են նաև Մաշտոցի պուրակում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների մեկ վրանի ապամոնտաժման գործողություններին: Հաշվի առնելով ստորև ներկայացված հիմնավորումները՝ հանրությանը և հատկապես ոստիկանությանը մեկ տարի անց կրկին հայտնում եմ,  որ անձանց կողմից մեկ վրանի տեղադրումը որպես հավաքն ուղեկցող գործողություն ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված անկյունաքարային մոտեցումը դրսևորվում է հավաքների ազատության իրավունքի ապահովման առնչությամբ ցուցարարների համար՝ իրենց տեսակետները արտահայտելուն ուղղված բավարար հնարավորության ապահովման պարտավորության պահպանման անհրաժեշտության մեջ: Բացի այդ, հավաքի ժամանակավոր բնույթի վերաբերյալ եզրույթը չպետք է կանխարգելի ոչ մշտական կառուցվածքների և վրանների տեղադրումը:  Վերոհիշյալ եզրակացությունը բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ վտանգի տակ գտնվող անձի կյանքի պաշտպանության համար գործնական կանխարգելիչ միջոցներ կիրառելու պետության պոզիտիվ պարտավորության բովանդակությունից, առողջության պահպանման իրավունքի ապահովմանև պետության համապատասխան պոզիտիվ պարտավորություններից,  ինչպես նաև  այն հանգամանքից, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է հավաք անցկացնելիս վրաններ կամ այլ ժամանակավոր կառույցներ տեղադրելու վերաբերյալ արգելքի մասին դրույթը: Ավելին, հավաքներ անցկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են “Հավաքների ազատության մասին” ՀՀ օրենքով, որտեղ ամրագրված  է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին ոստիկանության կողմից աջակցություն ցուցաբերելու պարտականություն նախատեսող դրույթը: Ելնելով ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի պահանջներից, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև ղեկավարվելով մարդասիրության հիմնարար սկզբունքով՝ կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը թույլատրել վրանի տեղադրումը”:




Լրահոս