ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԱԺ ԲՀԿ խմբակցության մի քանի անդամների հետ ու քննարկել, թե այսօրվա ԱԺ արտահերթ նիստում ԲՀԿ-ն ինչ պահվածք պիտի ունենա: Նշենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվելու է 2014թ. բյուջեն: Տեղեկացանք նաեւ, որ այսօր՝ մինչ ԱԺ նիստի մեկնարկը, Ծառուկյանը հանդիպելու է խմբակցության բոլոր անդամների հետ ու հրահանգելու է, որ իրենց ելույթներում շատ չփնովեն ՀՀ վարչապետին ու նրա գործունեությունը:
Փորձեցինք տեղեկությունը ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից: Նա ասաց, որ այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցությունը նիստից առաջ քննարկում է ունենալու. «Ուրեմն այսքան քննադատություններից հետո այս ամենը Ձեզ բավարար չէ, ու Դուք ինչ-որ ասեկոսեների՞ եք հավատում: Մեր բոլոր որոշումները կայացվում են պարոն Ծառուկյանի հետ»:
Արդյո՞ք սա նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի արտահերթին. նրա խոսնակ Իվետա Տոնոյանից լուրը ճշտել չհաջողվեց:
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
Այսօր Երեւանի ոսկու շուկայում (ժողովրդի մեջ հայտնի բաղնիքի ոսկու շուկա) ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության, առողջապահության նախարարության տեսչությունների, գործակալությունների, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչության եւ պետական եկամուտների կոմիտեի կողմից ստուգումներ են անցկացվելու: Հիշեցնենք, որ նախորդ հինգշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ ոսկու շուկայում դեկտեմբերի 10-ին ստուգումներ են իրականացվելու, ինչի համար էլ հնարավոր է՝ աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա անցկացնեն: Նրանց միանալու են նաեւ ոսկու արտադրամասերի ղեկավարները: Պատճառն այն է, որ շուկայի ղեկավարությունը ոսկու արտադրամասերի ղեկավարներին զգուշացրել է «թաքցնել» ոսկու համար օգտագործվող հալման գործիքները, քանի որ նման շենքային պայմաններում դրանցով աշխատելն անօրինական է: Սակայն վերջիններս հակառակն են պնդում՝ ընդգծելով, որ առանց դրանց անհնար է աշխատել: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը շուկայի աշխատակիցներից տեղեկացավ նաեւ, որ վարչապետի ելույթից անմիջապես հետո շուկայում գլոբալ մաքրություն են սկսել:
ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՈՒԺՈՎ
Թեեւ հայտնի գործարար, «Սիլ կոնցեռն»-ի նախագահ Խաչատուր Սուքիասյանը վաղուց արդեն պատգամավոր չէ, այնուամենայնիվ, դեռ շարունակում է իր կապը պահել ընտրողների հետ, նույնիսկ ամանորյա նվերներ է բաժանում նրանց: Հիշեցնենք, որ Սուքիասյանների պատգամավորական մանդատը գործող իշխանությունները պարզապես գողացան ու տվեցին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խնամի Գարեգին Նուշիկյանին: