ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարծիք էր հայտնել, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար առաջին հերթին Հայաստանը պետք է վերադարձնի գրաված տարածքները: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյից լրագրողները հետաքրքրվեցին՝ ամերիկացի համանախագահի տեսակետը արդոք կիսում են մյուս համանախագահները, թե՝ ոչ:
Ի պատասխան՝ Ռենոն նշեց, որ ցանկացած խնդրի ճիշտ լուծման համար չպետք է մանրամասնել բանակցությունների ընթացքը: Այս ամենը հաշվի առնելով` նա զերծ մնաց մեկնաբանելուց Ուորլիքի տեսակետը: Սակայն դեսպանը նշեց, որ բանակցային գործընթացի հաջող անցկացման համար պետք է հետևեն մադրիդյան սկզբունքներին և հավելեց, որ Ֆրանսիան բազմիցս կոչ է արել երկու երկրներին` զերծ մնալ ուժի կիրառումից: