Հ. Աբրահամյանի ու Դ. Մեդվեդևի քննարկած կարևոր հարցերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկել է մի շարք կարևոր հարցեր: 

ՌԴ վարչապետը ողջունել է Հովիկ Աբրահամյանին Սոչիում և նշել. «Մենք Ձեզ հետ պայմանավորվել էինք, որ որպես վարչապետ կժամանեք Ռուսաստան, ինչը հնարավորություն է տալիս քննարկել ռուս-հայկական հարաբերությունների լայն շրջանակ՝ սկսած ինտեգրացիոն գործընթացներից, վերջացրած առևտրատնտեսական և հումանիտար բնագավառներում համագործակցությունից: Մեր երկրներն ունեն դաշնակցային հարաբերություններ, և այդ մասին խոսելու հարկ էլ չկա: Սրտանց Ձեզ ողջունում եմ Սոչիում»: 

«Շնորհակալություն, Դմիտրի Անատոլիի, հրավերի և տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու հնարավորության համար: Կարծում եմ՝ կկարողանանք մեր առանձնազրույցում արդյունավետ քննարկել մեզ հետաքրքրող հարցերը»,- իր հերթին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը և ընդգծել դրանց հետագա զարգացման ու ընդլայնման կարևորությունը երկու երկրների համար: 

Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական և ենթակառուցվածքների բնագավառների համատեղ ծրագրերը: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ դրանք էապես կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին: 

Միաժամանակ, Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրաշրջանառության աճող ծավալի մակարդակից և վստահություն հայտնել, որ այն կշարունակի նոր թափ ստանալ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո: 

Կողմերը վստահություն են հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում: 
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին, դրա անվտանգության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերին, միջտարածաշրջանային համագործակցությանը, միգրացիոն, առողջապահական, հումանիտար և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: 

Առանձնազրույցից հետո Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ երկու երկրների պատվիրակությունները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկել են նաև աշխատանքային ճաշի ընթացքում:




Լրահոս