ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՕԵԿ-ական նորաթուխ պատգամավոր Լեւոն Դոխոլյանն իր հերթին, «Օրինաց երկիր» կուսակցությունն էլ իր հերթին առանձին-առանձին հայցադիմումներ են ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ: Ամենայն հավանականությամբ, Դոխոլյանը վիրավորվել է, որ հրապարակել ենք իր «Քույրիկ Լեւոն» ածականը, իսկ ՕԵԿ-ն էլ հայց է ներկայացրել իր բարի համբավն արատավորելու համար: Նրանք «Ժողովուրդ»-ից պահանջում են ընդհանուր հաշվով 7 մլն դրամի փոխհատուցում (յուրաքանչյուրը` 3.5 մլն դրամի չափով): Երկու հայցերն էլ մակագրվել են դատավոր Սամվել Թադեւոսյանին: Երեկվա դրությամբ խմբագրությունը դեռ չէր ստացել հայցադիմումները. կատարվածի մասին տեղեկացանք datalex.am կայքից:

Սակայն այս դատական գործընթացներն ի սկզբանե հավակնում են դառնալ աբսուրդի թատրոն. «Ժողովուրդ»-ին իր բարի համբավն արատավորելու մեջ մեղադրում է մի կուսակցություն, որը դեռ պետք է ապացուցի, որ բարի համբավ ունի, մի կուսակցություն, որին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որակեց ՀՀԿ-ի կույրաղիք, իսկ այդ կուսակցության ղեկավարին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ դավաճան: Եվս մեկ կարեւոր հանգամանք. ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որը, ի դեպ, ՕԵԿ-ի անունից դատարան է ներկայացրել հայցադիմումը, ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե դիմելու է նաեւ դատախազություն. մենք անհամբեր սպասում ենք նաեւ այդ դիմումին: Մինչ այդ, շնորհակալություն ենք հայտնում ՕԵԿ-ականներին` ինքնակամ մեր թերթի գովազդով զբաղվելու համար: Բայց քանի որ մենք ՕԵԿ-ին չենք պատվիրել զբաղվել մեր գովազդով, հետեւաբար չենք պատրաստվում վճարել այդ 7 մլն դրամը: Այնպես որ, կհանդիպենք դատարանում եւ դատախազությունում:

 

 

ԲԱՐՈՅԱՊԵՍ ՄԵՐԺԵԼ ԵՆ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀՀ կառավարությանն առաջարկել է 2014թ. բյուջեում ընդգրկել նաեւ ԱԺ ավտոպարկի թարմացման հարցը, քանի որ այն ծերացած է: Պատգամավորն առաջարկել է «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով 196 միլիոն դրամ տրամադրել 14 նոր Toyota Camry ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով: Ըստ օրենսդրի՝ ԱԺ-ի կողմից շահագործվող 82 մեքենաներից 47-ը շահագործման մեջ են 10-ից 23 տարի, եւ աշխատանքային վիճակում պահելու համար պահանջվում են զգալի աշխատանքային եւ ֆինանսական ռեսուրսներ: Նույն առաջարկությունում նշված է. «28 մլն 460 հազար դրամ տրամադրել նոր համակարգչային տեխնիկա ձեռք բերելու նպատակով, քանի որ ԱԺ-ում դեռեւս շահագործման մեջ է գտնվում ֆիզիկապես եւ բարոյապես արդեն մաշված համակարգչային տեխնիկա, օրինակ՝ Pentium 3 համակարգիչներ, պատճենահանման մեքենաներ եւ տպիչներ՝ 1992թ.»: Սակայն այսքան «լացակումած» խնդրանքից հետո կառավարությունը մերժել է Գրիգորիչին: Վերջինս, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչպես են շարունակելու աշխատել այդպիսի տխուր պայմաններում, ասաց. «Պիտի յոլա գնանք, ինչպես մեր ժողովուրդն է յոլա գնում»:




Լրահոս