ՄԻՊ ԶԵԿՈՒՅՑԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈ՞Վ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ դատական համակարգի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից նախօրեին ներկայացված սկանդալային զեկույցն ընդամենը պատվեր է: Մեր տեղեկություններով՝ այն «բեմադրվել» է հայրենի իշխանությունների, մասնավորապես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի ծրագրմամբ:

Ամիսներ առաջ տեղեկություններ շրջանառվեցին, որ դատավորներից մեկը մեկնել է ԱՄՆ եւ իր ծառայություններն առաջարկել ամերիկյան հատուկ ծառայություններին՝ խոստանալով ներկայացնել փաստեր ժամանակին իր քննած մի գործի եւ դրա շրջանակներում իր նկատմամբ կիրառված ճնշումների մասին: Այնուհետեւ նշվեց, որ նա Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանն է:
Վերջինս 2010թ. աշխատանքից ազատվել էր, սակայն հետագայում հայտարարել, որ դա տեղի է ունեցել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կամքով, քանի որ 2010թ. քննած մի գործի շրջանակներում ինքը չի ենթարկվել վերադասի հրահանգներին: Մեր տեղեկություններով՝ Ս. Ղազարյանն ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին նաեւ ներկայացրել է, թե ՀՀ դատական համակարգն ինչ վիճակում է գտնվում, եւ յուրաքանչյուր դատավոր որքան գումար է «վերցնում» դատավճիռ կայացնելու համար:
Այս ամենից հետո ԱՄՆ հատուկ ծառայության ներկայացուցիչները «կապվել» են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ, որն ԱՄՆ-ի կողմից ընկալվում է որպես «իրենց մարդ», եւ տեղեկացրել, թե նախկին դատավորը ՀՀ դատական համակարգի մասին ինչ տեղեկություններ է իրենց տրամադրել: Այնուհետեւ Վ. Սարգսյանն այս ամենը քննարկել է նախագահականում, եւ որոշում է կայացվել, որ նախքան ԱՄՆ-ը նման տեղեկություն կհրապարակի, ավելի ճիշտ կլինի, որ նման արտառոց զեկույցով հանդես գա Կ. Անդրեասյանը: Արդյունքում` նախօրեին ՄԻՊ-ը ներկայացրեց հայտնի զեկույցը:
Երեկ փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՀՀ ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանից, որն ասաց, թե իրականում նման բան չկա. «Մենք զեկույցի վրա արդեն քանի ամիս շարունակ աշխատում ենք, պաշտպանը, պաշտոնավարման առաջին օրվանից սկսած, արդեն 3 տարի է՝ խոսում է դատաիրավական համակարգի անկատարության մասին: Այնպես չէ, որ նոր է այդ համակարգին անդրադառնալու որոշում կայացվել: Ուստի եթե նման պատվեր լիներ, այն պետք է 3 տարի առաջ լիներ»:
Իսկ ՀՀ նախագահական նստավայրի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Մերի Հարությունյանն ասաց, որ Վ. Սարգսյանը զբաղված է, եւ ինքը չի կարող տեղեկությունը ճշտել: Նա խոստացավ ճշտելու դեպքում մեզ տեղեկացնել: Հուսանք, որ Կ. Անդրեասյանն ազնիվ մղումներով է ներկայացրել զեկույցը եւ ոչ թե պատվեր է կատարել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս