«Արդեն 1 ամիս է, ինչ մենք նստացույց ենք անում Մաշտոցի պուրակում` գիտակցելով, որ մենք տերն ենք այս քաղաքի ու երկրի` մեր ժամանակի ու մեր առողջության հաշվին պահանջելով պահպանել հանրային տարածքն ու սեփականությունը եւ այն չառեւտրականացնել ու զավթել մեզնից: Մենք դադարեցրել ենք շինարարությունը եւ պահանջել ապամոնտաժել այնտեղի շինությունները եւ բարեկարգել այգին»,-armlur.am-ին տեղեկացնում է բնապահպան Մարիամ Սուխուդյանը: «Այս պահին մեր պահանջը ապամոնտաժումն է: Մենք մեր այս պահանջը հստակ ներկայացրել ենք քաղաքային իշխանություններին, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունը: Այս փուլում մենք ժամկետ ենք սահմանում նրանց համար` որոշում կայացնելու, իսկ մինչ այդ մենք արդեն շուրջօրյա նստացույցի միջոցով կրկին ցույց ենք տալիս մեր կամքը եւ տոկունությունը տեր կանգնելու մեր իրավունքներին: Մեր վերջնաժամկետն է ուրբաթ, 16 մարտի: Իսկ մինչ այդ մենք այգին այլեւս չենք լքելու, այնտեղ ենք լինելու օրը 24 ժամ: Խնդրում ենք արձագանքել բոլոր նրանց, ովքեր ուզում են միանալ մեր շուրջօրյա նստացույցին օրվա որեւէ ժամի կամ գիշերը: Կարող եք նաեւ աջակցել նստացույցի մասնակիցներին ձմեռային վրաններով, գետնի սառնությունը պահող կարիմատներով, քնապարկերով, ծածկոցներով, վառարաններով, գրելկաներով, սննդով, մեղրով, դոշաբով, տաք թեյով»:
Իր հերթին ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ տաղավարների ապօրինի, ինքնագլուխ ապամոնտաժման նպատակով հավաքույթներ անցկացնելը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, եւ օրենքը խախտողները պատասխանատվություն են կրելու:
ՇՈՒՐՋՕՐՅԱ ՆՍՏԱՑՈՒՅՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ