Թատերագետները եւ թատերասերները հիմնականում կենտրոնանում են մայրաքաղաքային թատերական կյանքի, դրա խնդիրների վրա` մոռանալով մարզային թատերական, ընդհանրապես մշակութային կյանքը: Մարզերին, մարզային թատրոններին հիշում են փառատոների ժամանակ, ապա մոռանում մինչեւ հաջորդ փառատոնը կամ միջոցառումը։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը համամիտ է մեր այդ կարծիքին, սակայն նաեւ լավատես է:
-Իհարկե, Դուք դա ճիշտ եք նկատել, առկա է Ձեր նշած բացը, եւ այն ինչ-որ կերպ լրացնելու համար սեպտեմբերի վերջերին Երեւանում տեղի ունեցան մեր թատրոնի հյուրախաղերը։ Եվ դրանով իսկ նաեւ փորձեցինք հիշեցնել, ապացուցել, որ կան, ապրում են նաեւ մարզային թատրոնները: Ի դեպ, վերջին քսան տարիներին թատրոնը մի քանի ներկայացումներով հյուրախաղերի չէր եղել Երեւանում, եւ մեզ, կարելի է ասել, կարոտել էին ու շատ լավ ընդունեցին։ Մենք ներկայացրինք մեր վերջին տարիների բեմադրությունները` Շեքսպիրի «Արքա Լիր»-ը, Աննա Պետրոսյանի «Աբգար դպիր»-ը, որոնք արժանացել են «Արտավազդ» մրցանակի: Երրորդ աշխատանքը Ցագարելիի «Խանումի արարքներ»-ն էր (բեմադրիչ՝ Ջանիկ Ավետիսյան), չորրորդը՝ Սունդուկյանի «Չար ոգին»: Վերջինը ավանդականի յուրովի մեկնաբանություն է, ու հնչեցին ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կարծիքներ… Ի դեպ, ասեմ, որ իմ ստեղծագործական կյանքում նորություն եղավ: Վերջին տարիներին ես նման բանից ընդհանրապես խուսափում էի, բայց բոլորովին դատարկ բեմում է բեմադրվել «Չար ոգին», ոչ մի դեկորացիա չկա: Եվ այդ փորձը նաեւ ինձ համար էր հետաքրքիր: Հյուրախաղային ծանրությունը հիմնականում երիտասարդների վրա էր, եւ թատրոնի նոր սերունդն էլ ներկայացավ իր հետաքրքիր դերակատարումներով։
-Վանաձորում գործում է նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի տեղական մասնաճյուղը, այն որքանո՞վ է օգնում թատրոնի կայացմանը:
-Ուրախալի է, որ շատ երիտասարդներ կան ինստիտուտում, ովքեր կապված են թատրոնի հետ, եւ ես էլ ամեն կերպ այդ կապը պահպանում եմ: Ընդ որում, կան շնորհալիներ, ովքեր պարզապես սոցիալական պայմանների պատճառով չեն կարողացել բարձրագույն կրթություն ստանալու համար մեկնել մայրաքաղաք։ Սակայն Վանաձորում էլ նրանք նորմալ կրթություն են ստանում, անմիջապես կապվում թատրոնին…
-Դուք երկար տարիներ աշխատում էիք Վանաձորի թատրոնում, ապա տեղափոխվեցիք մայր թատրոն, երկար ժամանակ աշխատեցիք ու կրկին վերադարձաք նախկին աշխատանքին: Ի՞նչ էր փոխվել այդ ընթացքում Վանաձորում:
-Քաղաքում շատ բան էր փոխվել։ Եվ դա առաջին հերթին կապված է արտագաղթի, ուղեղների արտահոսքի հետ։ Ինչպես Հայաստանի մյուս բնակավայրերը, Վանաձորը նույնպես կորցնում է իր բնակչությունը, եւ դա զգացվում է հատկապես երեկոները, երբ փորձից հետո տուն եմ գնում գրեթե ամայի փողոցներով: Բայց թատրոնն ապրում է իր լիարժեք կյանքով, այնտեղ շատ հետաքրքիր գործընթաց է տեղի ունենում, եւ դերասանախումբը շատ ոգեւորված աշխատում է:
-Սունդուկյանի անվան թատրոնի գործունեությանը հետեւո՞ւմ եք: Մի քանի տարի չունեին գեղարվեստական ղեկավար, հիմա էլ դրա փոխարեն ունեն գլխավոր ռեժիսոր… Այն արդարացնո՞ւմ է մայր թատրոնի իր կոչումը:
-Վերջինը շատ նուրբ հարց է, որին, հասկանալի պատճառներով, չեմ պատասխանի։ Այո՛, հիմա արդեն գեղարվեստական ղեկավար չէ, գլխավոր ռեժիսոր է, որովհետեւ գեղարվեստական ղեկավար չէին կարող ունենալ. եթե հանկարծ այդ հաստիքը վերականգնվեր, մեխանիկորեն այդ պաշտոնում ես պետք է լինեի (ծիծաղում է-Ռ. Թ.): Իսկ ընդհանրապես Սունդուկյանի անվան թատրոնին հետեւում եմ այնքանով, որքանով իմ բեմադրություններն այնտեղ բեմադրվում են: Եթե կարիք կա, եթե նոր դերակատարներ են ընդգրկվում, փորձեր եմ անում: Ուրիշ որեւէ առնչություն չեմ ունենում եւ չեմ էլ ուզում ունենալ:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ