ԹՂԹՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկաբնակ ռեժիսոր Արտակ Սեւադան, որի «Genex» ֆիլմը պետք է նկարահանվեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, դեռեւս սպասում է Հայաստանի մշակույթի նախարարության պատասխանին: Այս մասին News.am-ին օրերս տեղեկացրել է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էկիյանը (Էքյանը) ու նաեւ հավելել, որ նախարարությունը խոստացել է աջակցել նախագծին։ Ռեժիսորն ակնկալում է նաեւ մի քանի գործարարների աջակցությունը:

Հիշեցնենք, որ ֆիլմը կպատմի 25-ամյա երիտասարդ, գեղեցիկ կնոջ` Սալի Սողոմոնի մասին, որը երկար տարիներ անցկացրել է իր ընտանիքի պատմությունն ուսումնասիրելով:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գեւորգ Գեւորգյանն այդ առթիվ արդեն երեւի հարյուրերորդ անգամ ասել է. «Հինգ-վեց պրոյեկտ անցել է նախնական փուլով, որոնցից կընտրվի միայն մեկը: Պետությունը որին կտա առաջնահերթություն, այն էլ կֆինանսավորվի ու կնկարվի: Բայց դա չի նշանակում, որ հենց Արտակ Սեւադայի ֆիլմը կանցնի: Այս պահին դեռ քննարկումներ են գնում, հնարավոր է` իր պրոյեկտն անցնի, հնարավոր է՝ ուրիշինը: Եթե այդ տրամաբանությամբ վերցնենք, հիմա 37 պրոյեկտ կա, բոլորն էլ կարող են կանգնել ու ասել՝ փողը չեն տալիս»: Ահա այդպես՝ «այս պահին դեռ քննարկումներ են գնում»։ Դրանք կգնան ե՛ւ վաղը, ե՛ւ վաղը չէ մյուս օրը, ե՛ւ…
Ինչպես «Ժողովուրդ»-ը բազմիցս նշել է, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ստեղծված համապատասխան հանձնաժողովն արդեն վաղուց պետք է ներկայացված նախագծերից ընտրություն կատարած լիներ, ինչը, սակայն, արված չէ` չնայած այն հանգամանքին, որ 2015-ին հաշվված ամիսներ են մնացել: Եվ արդեն իսկ ենթադրելի է, որ նման կարճ ժամանակահատվածում դժվար է լինելու որակյալ ֆիլմ նկարահանելը:
Ամենայն հավանականությամբ, մշակույթի նախարարության աշխատակիցներին թվում է, թե արդեն հոգնել ու հուսահատվել ենք, կմոռանանք այդ ամենի մասին եւ իրենց այլեւս չենք անհանգստացնի։ Բայց իզուր, մենք հետեւողական ենք լինելու: Երեկ կրկին զանգահարեցինք ՀՀ մշակույթի նախարարություն, որի լրատվականից մեզ հերթական անգամ խոստացան ինչպես վերոնշյալ, այնպես էլ մյուս կինոնկարների նախագծերի վերաբերյալ հանգամանալից մեկնաբանություն ներկայացնել առաջիկայում։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս